24 հունվարի 2013 - 19:43 AMT
Մոտ 70 սիրիահայեր Հայաստանի քաղաքացիություն են ստացել

Հունվարի 24-ին Սիրիայի ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն` սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման կապակցությամբ:

Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա էին Դամասկոսի Հայոց Թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Հովսեփ Եպիսկոպոս Առնաուտյանն, ինչպես նաև Դամասկոսահայ միությունների ղեկավարներ:

Հանդիսավոր պայմաններում ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան յոթանասուն նորընծա ՀՀ քաղաքացիներին հանձնել է իրենց անձնագրերը: Դեսպանը հույս է հայտնել, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը: Նա ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթել է հաջողություն և խաղաղություն:

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո ելույթ են ունեցել հոգևոր առաջնորդները: Նրանք բարձր են գնահատել սիրիահայությանը ՀՀ քաղաքացու անձնագրերը տեղում հանձնելու ՀՀ կառավարության որոշումը: