24 հունվարի 2013 - 20:09 AMT
Ոստիկանություն են այցելել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության անդամները

Հունվարի 24-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության իրավական վերլուծաբան Էլիսսաֆետ Քարաջիանիդուին և կրտսեր իրավաբան Քսենյա Դաշուտինային:

Եղիազարյանը ներկայացրել է ՀՀ նախագահի ընտրություններին նախորդող շրջանում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման, ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի ուսուցման և այլ ուղղություններով:

Նա ընդգծել է, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում ձեռնարկում է բոլոր միջոցները՝ նախագահական ընտրությունների ընթացքում, ինչպես և նախընտրական փուլում օրենքով վերապահված գործառույթներն անթերի կատարելու համար:

Քարաջիանիդուին և Դաշուտինային հետաքրքրում էին ընտրությունների ժամանակ իրավախախտումների հայտնաբերման դեպքում ոստիկանության գործողությունները և նման դեպքերի քննության կարգն ու ժամկետները: Նրանք ներկայացրին իրենց դիտարկումներն ու նկատառումները և հավաստեցին ընտրությունների շրջանում ոստիկանության հետ համակողմանի համագործակցության իրենց պատրաստակամությունը: