24 հունվարի 2013 - 20:14 AMT
Առաջիկա օրերին Հայաստան կժամանեն ԱՊՀ գործադիր կոմիտեի 25 երկարաժամկետ դիտորդներ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության պատվիրակությանը ` ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ:

Գարկունը տեղեկացրել է, որ դիտորդական առաքելությունն այսօրվանից սկելու է իր աշխատանքները: Նա մասնավորապես նշել է, որ առաջիկա օրերին Հայաստան կժամանեն ԱՊՀ գործադիր կոմիտեի 25 երկարաժամկետ դիտորդներ, իսկ քվեարկությունից մի քանի օր առաջ կժամանեն մոտ 170 կարճաժամկետ դիտորդներ, որոնք անմիջապես կանցնեն իրենց գործառույթների կատարմանը Հանրապետության բոլոր մարզերում:

Ներկայացնելով դիտորդական առաքելության նպատակներն ու աշխատանքի կազմակերպման սկզբունքները` Վլադիմիր Գարկունը վստահեցրել է, որ ընտրություններից հետո ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության կողմից կներկայացվի համապատասխան զեկույց` հիմնված բացառապես անաչառ և անկողմնակալ գնահատականների վրա:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացրած Հանրապետության Նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումները: Մուկուչյանն ընդգծել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր գործառույթներն իրականացրել է նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն: