25 հուլիսի 2005 - 12:47 AMT
ARCA-ԱՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏ-ԻՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Armenian Card (ՄՎՀ ArCa) միասնական վճարման համակարգը աշխատում է ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարության արժեթղթերի իրացման համակարգերի ներմուծման նախագծերի, ինչպես նաեւ Հայաստանի արդարադատության նախարարության էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ուղղությամբ: Այդ մասին «.am» PanARMENIAN.Net խմբագրության թղթակցին է հաղորդել ՄՎՀ ArCa միջազգային կապերի եւ բիզնեսի զարգացման բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը: Նա նշել է, որ արժեթղթերի իրացման նախագիծը նախատեսվում է կյանքի կոչել ընթացիկ տարվա սեպտեմբերին: Ըստ բաժնի պետի, տվյալ համակարգը կընդունվի, քանի որ արժեթղթեր ձեռք բերելու համար որոշ գնորդներ ստիպված էին Երեւան գալ Հայաստանի հեռավոր շրջաններից: Բացի այդ, արդեն պայմանավորվածություն կա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման պետական կոմիտեի համար էլեկտրոնային աճուրդ կազմակերպելու վերաբերյալ, որը պարբերաբար անց է կացնում առգրավված ունեցվածքի աճուրդներ: Այս համակարգը նախատեսվում է ներդնել մինչեւ տարեվերջ, նշում է բաժնի ղեկավարը: Online-աճուրդների անցկացումով նախարարությունը նպատակ ունի առավել թափանցիկ դարձնել առգրավված գույքի իրացման գործընթացը: ArCa-ի առաջիկա նախագծերից է քարտային հաշիվենրի կառավարման համակարգի ստեղծումը: Այդ համակարգի միջոցով քարտատերերը կարող են հետեւել իրենց ընթացիկ հաշվին, կատարել ստանդարտ գործողություններ, որոնք այսօր հասու են միայն բանկի այցելության միջոցով: Խոսելով հասանելի նախագծերի մասին` Գագիկ Խաչատրյանը հաղորդել է, որ վերջերս ArCa-ն UNDP-ի աջակցությամբ շրջանառության մեջ է դրել Money Transfer դրամային փոխանցումների համակարգը: www.arca.am Ինտերնետ պորտալի միջոցով համակարգը թույլ է տալիս փոխանցել ֆինանսական հոսքերը մի հաշվից մյուսը Ինտերնետի միջոցով: Նրա խոսքերով, ողջ գործողությունը շատ հասարակ է եւ տեւում է հինգ րոպեից ոչ ավելի: Իսկ փոխանցված դրամը «կնստեն» փոխանցման հաշվին երկու րոպեի ընթացքում: «Համակարգը բավականին ակտուալ է, քանի որ այն կաջակցի բիզնես-քարտերից օգտվողների (կորպորատիվ քարտեր) թվի աճին»,-նշում է Գագիկ Խաչատրյանը: Նշենք, որ ավելի վաղ UNDP-ի աջակցությամբ ArCa-ն շրջանառության մեջ էր դրել E-commerce վճարման համակարգերը: Նշենք նաեւ, որ այսօր ՄՎՀ-ում կա շուրջ 100 հազար քարտատեր, որոնցից ընդամենը 20 տոկոսն են օգտվում E-commerce ծառայություններից: Հատկանշական է, որ տղամարդիկ ավելի հաճախ են կատարում Ինտերնետ-գործարքներ, այդպես միայն 2005 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում 37,2 մլն դրամ գումարի գործողություններ են կատարել հանրապետության արական սեռի ներկայացուցիչները: Կանայք կատարել են 4,6 մլն դրամ ընդհանուր գումարի Ինտերնետ-գործարքներ: Ինչ վերաբերվում է տարիքային չափանիշներին, ապա Ինտերնետ-գործարքներ են կատարում 23-ց 35 տարեկան անձինք` 20,2 մլն դոլար գումարի: Գործարքների ընդհանուր գումարը այս ժամանակահատվածում կազմել է 41,8 մլն դրամ: