25 հունվարի 2013 - 11:58 AMT
Դավիթ Նալբանդյան. Դևիսի գավաթն իմ գլխավոր մոտիվացիան է

Փետրվարի 1-ից 3-ը Բուենոս Այրեսում կայանալիք Դևիսի գավաթի առաջին փուլին նախապատրաստվելուց առաջ, որտեղ Արգենտինան կհանդիպի Գերմանիայի հավաքականի հետ, Դավիթ Նալբանդյանն ասել է, որ այդ մրցաշարը շատ կարևոր է իր համար:

«Դևիսի գավաթն իմ գլխավոր մոտիվացիան է, սակայն ես յուրաքանչյուր խաղում մեծ ինտենսիվությամբ եմ խաղում: Ես հաղթանակի կամք ունեմ, դա մեծ ցանկություն է և ես միշտ այդպես եմ խաղալու»,-ասել է թենիսիստը: Արգենտինայի հավաքականը մի քանի անգամ մոտ է եղել Դևիսի գավաթը նվաճելուն, սակայն, ըստ Նալբանդյանի, ամեն անգամ նրանց ինչ-որ բան խանգարել է: Նա գտնում է, որ չափազանց կարևոր է ուժեղ թիմ ունենալ, չնայած, որ թենիսը անհատական մարզաձև է:

«Մենք անպայման պետք է հաղթենք Գերմանիային և հաղթահարենք գավաթի առաջին փուլը: Դրա համար հարկավոր է վճռական քայլեր ձեռնարկել, քանի որ մենք կարող են հանդիպել նաև այլ ուժեղ թիմերի հետ: Մենք պետք է քայլ առ քայլ մոտենանք հաղթանակին»,-ասել է նա: