26 հուլիսի 2005 - 09:45 AMT
ԶԻՋՈՒՄՆԵՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՄԻԱՅՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
«Ադրբեջանն ու ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր ավելի հարձակողական դիրքորոշում են զբաղեցնում, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը դե ֆակտո անկախություն են ձեռքբերել»,- հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա կարծիքով` ադրբեջանական մամուլը բավականին ակտիվ է, սակայն չի կարելի ասել, որ դրա իրականացրած քարոզչությունն առավել արդյունքի է հասնում, քան հայկական քարոզչությունն ու քաղաքականությունը: Այս ոլորտում չի կարելի կողմերից մեկին հաղթող կամ պարտվող ճանաչել, որովհետեւ Հայաստանում ադրբեջանական մամուլն ընթերցելիս թվում է, թե հայկականն ավելի թույլ է: Ադրբեջանցիներն էլ, նկատի ունենալով Սփյուռքի գոյությունը, ՀՀ ԱԳՆ աշխատանքը Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ այլուր, կարծում են, թե հայկական քարոզչությունն է ավելի ուժեղ: Ա.Կիրակոսյանը նշել է, որ քարոզչությունը ֆինանսական մեծ միջոցներ պահանջող ոլորտ է: Նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը նավթի գումարներով հնարավոր է հզորացնի իր քարոզչամեքենան: Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնադրույթները, քարոզչական մեքենայի աշխատանքը դրական կողմեր ունի` հավելելով, որ անելիքներ կլինեն հատկապես տարածաշրջանում խաղաղություն վերահաստատվելուց հետո: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին` Ա.Կիրակոսյանը վստահություն է հայտնել, որ մինչեւ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը չապահովվի, որեւէ զիջման մասին խոսք լինել չի կարող: «Բոլոր բանակցային գործընթացներն էլ իրենց զիջումներն ունեն: Մեր զիջումները, եթե կատարվեն, պետք է լինեն միջազգային նորմերի հիման վրա, եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ու անվտանգության երաշխիքներից հետո»,- եզրափակել է Ա.Կիրակոսյանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»: