Վահագն Չախալյան. Ազատության մեջ շարունակելու եմ պայքարը արդարության վերականգնման ուղղությամբ

Վահագն Չախալյան. Ազատության մեջ շարունակելու եմ պայքարը արդարության վերականգնման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը, ով հունվարի 24-ից արդեն ազատության մեջ է, այդ առթիվ հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է.«Այլևս գտնվելով ազատության մեջ` ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին, որից իմ բանտարկության այս հինգ տարիներին միշտ ստացել եմ հոգևոր ու բարոյական սփոփանք և քաջալերանք: Շնորհակալություն եմ հայտնում «Երկիր» Միությանը, նաև բոլոր անհատներին և կառույցներին, որոնք զորավիգ ու աջակից են եղել իմ ընտանիքին և ինձ՝ իմ պայքարում, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել իմ և ջավախքահայ այլ գործիչների նկատմամբ գործած անարդարության դեմ, պայքարել են այս օրը հնարավորինս շուտ իրականություն դարձնելու համար։

Ափսոսալի է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղի տվեց իմ հանդեպ Սահակաշվիլու ռեժիմի նախկին սպասավորների զրպարտությունների տարափին` իմ անունը հանելով Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատված քաղբանտարկյալների վերջնական ցուցակից։ Իմ համար անհասկանալի մնաց, թե ինչու Վրաստանի իշխանության գլուխ եկած նոր ուժը այս հարցում, ըստ էության, պատանդ դարձավ ջավախահայության և իմ երևակայական «էքստրեմիզիմի» խաղաթուղթը շահարկող նախկին իշխանական ճամբարի առանձին ներկայացուցիչների ապատեղեկատվությանը։

Եվս մեկ անգամ կրկնեմ այն, ինչ բազմիցս ասել եմ դատարանի առջև և բանտից հնչած իմ հրապարակային հայտարարություններում. ես անազատության մեջ էի միմիայն այն բանի համար, որ պահանջել եմ վրացական իշխանություններից հարգել Ջավախքի բնակչության իրավունքները, քննադատել եմ ջավախահայության նկատմամբ Սահակաշվիլու ռեժիմի հալածանքները, օրինական միջոցով պայքարել դրանց դեմ։ Վերջին շրջանում խորհրդարանում և խորհրդարանից դուրս քննարկումների ժամանակ իմ անվան շուրջ Սաակաշվիլիի կուսակցության անդամների բարձրացրած աղմուկը, իմ անձի, գաղափարների, քաղաքական նպատակների և գործունեության վերաբերյալ նրանց սուտն ու զրպարտությունը գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման էին ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով։

Վրաստանի հասարակական–քաղաքական կյանքին Ջավախքի հայ բնակչության ինտեգրմանն ուղղված բոլոր միջոցառումները չեն տա որևէ արդյունք, եթե ջավախահայը չզգա, որ իրեն վերաբերվում են որպես Վրաստանի լիիրավ և լիարժեք քաղաքացու։ Այդ առումով, չի՛ կարող լինել երկու տեսակի արդարություն` մեկը Սահակաշվիլու ռեժիմի պատանդ էթնիկ վրացի ակտիվիստի, մյուսը` ջավախահայ ակտիվիստի համար։ Մեկին քաղբանտարկյալ ճանաչելը և մյուսի քաղբանտարկյալ ճանաչվելու նույն չափով հիմնավորված իրավունքը մերժելը անընդունելի է որպես երկակի ստանդարտների դրսևորում։

Արդարության առջև չմեղանչելու համար պետք է արձանագրել, որ իշխանափոխությունից հետո մեր երկրում շատ բան արդեն փոխվել է դեպի լավը` դադարել են ոստիկանական հալածանքները, աստիճանաբար թուլանում է լարվածությունը, մարդկանց մեջ սկսել է հետզհետե նվազել վախը և անպաշտպանվածության զգացումը։ Բնականաբար, այդ փոփոխությունները իրենց զգացնել են տալիս նաև Ջավախքում։ Բայց դեռևս իրենց լուծմանն են սպասում ջավախահայության քաղաքացիական, լեզվական, կրթական, կրոնական և մշակութային իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր` բռնագրաված եկեղեցիները վերդարձնելը, հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, Ախալքալաքում հայկական համալսարանի բացումը, շրջաններում ռեալ ինքնակառավարման համակարգի հաստատումը և այլն։ Վրաստանի նոր իշխանությունների պարտքն է հայաբնակ Ջավախքի հասարակական–քաղաքական և քաղաքացիական կառույցների հետ երկխոսության և փոխըմբռման մթնոլորտում լուծում տալ վերոնշյալ խնդիրներին։

Վրաստանի նոր իշխանությունների պարտքն է նաև իրականացնել Ախալքալաքում 2008-ի հուլիսի 17-21–ի դեպքերի անաչառ հետաքննություն։

Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ արդեն ազատության մեջ շարունակելու եմ պայքարը իմ և հալածյալ այլ ջավախահայ հասարակական–քաղաքական գործիչների նկատմամբ արդարության լիարժեք վերականգնման ուղղությամբ»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---