28 հուլիսի 2005 - 08:52 AMT
ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԳԱՏԷ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Միջուկային էներգիայի գծով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Մոհամմադ Էլ Բարադեյին, հաղորդում է Ս.Էջմիածնի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադրության պատմությունը, առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Գարեգին Երկրորդը նաեւ գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությանը` նշելով, թե որքան կենսական է Հայաստանի համար Մեծամորի ատոմակայանի անխափան եւ անվտանգ աշխատանքը: Մոհամմադ Էլ Բարադեյը, իր հերթին ներկայացրեց այցի նպատակն ու արդյունքները: Հանդիպմանը նաեւ խոսվեց մարդկության առջեւ ծառացած վտանգների մասին, որոնց հաղթահարման գործում կարեւորվեցին կրոնապետերի գործունեությունը եւ միջկրոնական երկխոսությունները` ուղղված հասարակության մեջ բարոյական արժեքների ամրապնդմանն ու արմատավորմանը: «Բարոյական արժեքների անկումը նույնքան, եթե ոչ ավելի, վտանգ է սպառնում մարդկությանը, որքան ատոմային ուժը»,- նշեց Ամենայն Հայոց Հայրապետը` ընդգծելով, որ միայն «մարդը` որպես արարչագործության գերագույն արժեք» ընկալման ձեւավորմամբ է, որ հնարավոր է կանխել մարդկության համար անցանկալի զարգացումները: