29 հուլիսի 2005 - 08:28 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մուխիլս Ֆառաունին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետը շնորհավորել է նրան` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու առիթով եւ հույս հայտնել, որ հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում նույնպիսի համագործակցություն եւ շագագրգիռ աշխատանք կլինի, ինչպիսին նախորդ ժամանակավոր հավատարմատարի օրոք էր: Ընդգծելով, որ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ քաղաքական հարաբերությունները ամուր հիմքերի վրա են դրված, եւ այդ ամենը նպաստում է երկու ժողովուրդների միջեւ կապերի սերտացմանը, Անդրանիկ Մարգարյանը կարեւորել է տնտեսական փոխգործակցության զարգացումը եւս: Ըստ նրա, չնայած մի շարք ոլորտներում հաջողություններ կան, սակայն, ընդհանուր առմամբ, առեւտրատնտեսական հարաբերությունները դեռեւս գոհացուցիչ համարել չի կարելի: Դրա համար կան նաեւ այնպիսի օբյեկտիվ պատճառներ, ինչպիսին Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն է եւ ցամաքային բեռնափոխադրումների համար անբարենպաստ պայմանները: Սակայն այս իրավիճակում անգամ երկու երկրների կառավարությունները, գործարար համայնքը փորձում են ելքեր գտնել եւ փոխշահավետ գործակցությունն ընդլայնել: Վարչապետը հույս է հայտնել, որ հայ-սիրիական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաեւ Սիրիայի վարչապետի նախատեսվող այցը մեր երկիր, զգալիորոն կնպաստեն այդ խնդիրների լուծմանը: Իր հերթին Մուխիլս Ֆառաունը վստահեցրել է, որ կանի հնարավորը` հայ-սիրիական հարաբերությունների ամրապնդման համար: Հանդիպման ավարտին վարչապետն իր եւ ՀՀ կառավարության անունից պատարստակամություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում հնարավորինս աջակցել դիվանագետին: