29 հունվարի 2013 - 14:34 AMT
80 նոր ավտոբուս՝ մայրաքաղաքի տրանսպորտային երթուղում

Նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման համար կազմվել է 30 արձանագրություն: Այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ առաջիկայում քաղաքային տրանսպորտի երթուղիները կհամալրվեն մասնավորի կողմից ներկրված ևս 80 ավտոբուսով:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շարունակվում են նաև 16-րդ թաղամասի բազմաբնակարանների գազիֆիկացման աշխատանքները: Շենքերում ավարտին են մոտենում նախապատրաստական աշխատանքները:

Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է նաև սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Անցած մեկ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ ևս 81 ընտանիք, 31 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: