29 հուլիսի 2005 - 11:43 AMT
AEPLAC-Ը ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Տնտեսական քաղաքականության եւ իրավունքի հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնը (AEPLAC), բացի այլ գործունեությունից, օժանդակում է Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի իրականացման Ազգային ծրագրի մշակմանը: Այս մասին այսօր «Եվրոպական ինտեգրման գրադարան» գրքաշարի հերթական երկու գրքերի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է AEPLAC-ի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքերով` գրքերը հազվագյուտ են, քանի որ առաջին անգամ «Եվրոպական ընդհանուր օրենսդրություն» գրքի 700 էջերում Եվրոպայի ընդհանուր օրենսդրությունը ներկայացված է հայերեն, իսկ «Եվրաինտեգրում, ֆինանսավորում եւ իրագործում (Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների փորձը)» ներկայացնում է 18 երկրների փորձը` ԵՄ անդամակցության կամ ինտեգրման ճանապարհին: «Եվրոպական ինտեգրման գրադարան» գրքաշարի «Օրենսդրություն եւ կառավարում. ԵՄ-Հայաստան» երկհատորյակը ներկայացվել է դեռեւս ընթացիկ տարվա մարտ ամսին: Գրքի հրատարակման նպատակն է` ՀՀ կառավարությանը տրամադրել Հայաստանի եւ եվրոպական համայնքի երկրների միջեւ կնքված Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերի վերաբերյալ իրավական եւ տնտեսական քաղաքականությանն առնչվող խորհրդատվություն, ինչպես նաեւ նպաստել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության զարգացմանը: