30 հունվարի 2013 - 12:01 AMT
Անգլիական Candoco պարային խմբի անդամները Երևանում վարպետության դասընթաց կանցկացնեն

Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին Երևանի խուլերի սպորտի և մշակույթի պալատին կից ինքնագործ խմբի անդամներն ու Գյումրիի խուլ պարողները «Միհր» թատերական խմբի ներկայացուցիչների հետ կմասնակցեն Միացյալ Թագավորության Candoco պարային խմբի դասընթացներին: Candoco պարային խմբի ներկայացուցիչներ Վելլի Օ’Բրայենը և Քրիս Օուենը հայ մասնակիցներին կծանոթացնեն ընկերության փորձին, կուսուցանեն ժամանակակից պարային տեխնիկաներ` հնարավորություն տալով մասնակիցներին բացահայտելու նոր գաղափարներ և բեմադրելու սեփական համարները: Ներառական պարի դասընթացներից հետո մարտին խումբը Երևանում հանդես կգա համերգներով:

Candoco ներառական պարային ընկերությունը հիմնադրվել է 1991թ-ին, որի կազմում ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող պարողներ: Candoco-ի պարային բեմադրությունները կոտրում են մարդկային կարողությունների մասին պատկերացումները:

Երևանի խուլերի սպորտի և մշակույթի պալատին կից արդեն հինգ տարի է գործում է ինքնագործ պարի խումբ:

Հայկական ժողովրդական պարային համարներով նրանք հանդես են եկել բարեգործական համերգներով, բայց և փորձում են նոր պարեր բեմադրել այլ ժանրերում ևս: Գյուրիում ևս նմանատիպ խումբ է գործում: Սիրողական այս խմբի անդամներն ակտիվ համերգային ծրագրերով հանդես չեն գալիս, սակայն ասում են, որ կանոնավոր պարապում են և փորձում նոր պարային համարներ բեմադրել: