30 հունվարի 2013 - 14:29 AMT
Սերժ Սարգսյանի շտաբն անհանգստացած է անձնագրերի հավաքագրման մասին ահազանգերով

ՀՀ գործող նախագահ, նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը հայտարարում է, որ խստորեն դատապարտում է տարբեր անձանց կողմից քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման ցանկացած դեպք, եթե այդպիսի բան տեղի է ունեցել կամ ունենում է: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբից: «Այդ դեպքերը նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և ստվերում ընտրական գործընթացը, ուստի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի և իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբում գործում է թեժ գիծ` հեռ. 564297»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ անձնագրերի հավաքագրման մասին էր ահազանգել «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա` հանրապետության տարբեր դպրոցներում, մանկապարտեզներում ծնողական ժողովներ, իսկ տարատեսակ հիմնարկներում, բուհերում աշխատողների և ուսանողա-դասախոսական կազմի ժողովներ են հրավիրվում և հավաքում են անձնագրերի պատճեներ: «Թե բացի աշակերտների, սաների, ուսանողների, հիմնարկների խնդիրներից, էլ ինչի մասին են խոսում և/կամ պատրաստվում խոսել դրանց տնօրենները, ռեկտորներին քաջ հայտնի է: Նաև հավաքագրվում են անձնագրերի պատճեներ` խախտելով մարդու անձնական տվյալների գաղտնիությունը: Նրանք, ովքեր հրավիրված են այդպիսի ծնողական ժողովների, հավաքների, խնդրում եմ ներքին հաղորդակցությամբ կապվել ինձ հետ կամ դիմել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ».- ասված է Ստյոպա Սաֆարյանի տարածած հայտարարության մեջ:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ եթե որևէ խնդիր կա, ապա այդ մասին ահազանգողները պետք է դիմեն նաև իրավապահ մարմիններին: