30 հունվարի 2013 - 15:09 AMT
Խոտի հոկեյի հայկական «Այրուձի» ակումբը մասնակցելու է ԵԱ ընտրական մրցաշարի երկրորդ փուլին

Փետրվարի 15-17-ը խոտի հոկեյի հայկական «Այրուձի» ակումբը մասնակցելու է Աթենքում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ փուլին: Մասնակից 8 ակումբները բաժանվելու են 2 խմբերի և հաջորդ փուլի ուղեգիր են ձեռք բերելու առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը: «Այրուձին» ընդգրկվել է A խմբում, որտեղ մրցելու է NSA (Բուլղարիա), «Քութաիսի» (Վրաստան) և «Դիաս» (Հունաստան) ակումբների հետ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ակումբի նախագահ Նիկոլայ Ջուլհակյանը նշեց, որ թիմը Հրազդան քաղաքում մարզվում է Սամվել Գևորգյանի գլխավորությամբ` շաբաթական անցկացնելով 5 պարապմունք:

«Տղաները հոգեբանորեն և ֆիզիկապես ամբողջովին պատրաստ են մրցաշարին: Մենք խնդիր ենք դրել խմբում հաղթող դառնալ կամ էլ ավարտել ելույթը երկրորդ տեղում: Միակ խնդիրն այն է, որ մեր թիմը մարզվում է ռետինե հատակով մարզադահլիճում, մինչդեռ առաջնությունն անցկացվելու է մանրահատակի վրա: Մեր թիմը դեռ բավականաչափ փորձ չունի, հուսանք, որ այդ բացը կկարողանանք լրացնել»,- ասաց նա:

«Այրուձիի» կազմում մրցաշարի ընթացքում հանդես են գալու 12 խաղացողներ, որոնք ներկայացնում են Երևանը, Արտաշատը, Հրազդանը և Կազանը: Ընդհանուր առմամբ մրցաշարին պատրաստվելու վրա ծախսվել է 6 մլն դրամ: «Մականախաղը Հայաստանում լավ ավանդույթներ է ունեցել, և հույս ունենք, որ այս մարզաձևը կրկին զարթոնք կապրի»,- ավելացրեց Ջուլհակյանը:

«Այրուձի» մականախաղի ակումբը ստեղծվել է Երևանում 2010 թվականին: Երեք անգամ մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը, դարձել է մրցաշարի հաղթող, 2-րդ և 3-րդ մրցանակակիր: Հանդես է եկել նաև Հայաստանի առաջնությունում: