2 օգոստոսի 2005 - 07:56 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՆՀԱՅՏԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ
Հուլիսի 30-ի երեկոյան Սթրասբուրգում` Եւրոպայի խորհրդի տարածքից անհայտացել է Հայաստանի դրոշը եւ երկիրը ներկայացնող ցուցատախտակը, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այս մասին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը անմիջապես տեղեկացրել է ԵԽ Անվտանգության ծառայություններին եւ պահանջել հնարավորինս շուտ վերականգնել դրոշը: Կիրակի առավոտյան դեպքի վերաբերյալ տեղեկացվել է նաեւ ԵԽ Գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Լորանին, որը ներողություն է հայցել միջադեպի կապակցությամբ: Միեւնույն ժամանակ գրասենյակը պարզաբանել է, որ ԵԽ անվտանգության ծառայությունները պատասխանատու են միայն շենքի մուտքի եւ ներսի անվտանգության համար: Անվտանգության տեսախցիկները ֆիքսում են միայն շենքի մուտքը եւ դրանց տեսադաշտի մեջ չի մտնում շենքի դիմացի տարածքը, այսինքն նաեւ դրոշները: Շենքից դուրս տարածքի վերահսկողությունը իրականացնում է ֆրանսիական ոստիկանությունը եւ վերջիններս արդեն տեղեկացված են տեղի ունեցածի մասին: Ներկայումս դրոշը վերականգնված է: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԽ ղեկավարությանը` դատապարտելով ԵԽ շենքի առջեւից դրոշի առեւանգումը եւ պահանջել պարզել դրոշի անհայտացման հանգամանքները եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանցագործների նկատմամբ: ՀՀ ԱԳՆ-ն վճռականորեն բողոքում է այս գործողության դեմ եւ Եւրոպայի խորհրդից պահանջում իր տարածքի վրա անվտանգության անհրաժեշտ քայլեր ձեռնարկել եւ կանխել ԵԽ անդամ երկրների ազգային խորհրդանիշների դեմ վանդալիզմը, ասվում է նախարարության նոտայի մեջ: