30 հունվարի 2013 - 18:17 AMT
«Գենդերային կարծրատիպեր» խորագրով մրցույթի արդյունքները կհրապարակվեն փետրվարի 1-ին

Փետրվարի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի է ունենալու Կանանց աջակցման կենտրոնի կողմից 2012 թվականի սեպտեմբերին հայտարարված «Գենդերային կարծրատիպեր» խորագրով մրցույթի արդյունքների հրապարակումը: Միջոցառման մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Կանանց աջակցման կենտրոնից:

Կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են թեմայով և ցանկանում են ծանոթանալ մրցույթի մասնակիցների, հաղթողների, ինչպես նաև նրանց ներկայացրած նյութերի հետ:

Մրցույթին դիմել էին բոլոր ցանկացողները` անկախ տարիքից և սեռից: Նյութերի նկատմամբ չէր կիրառվել ոչ մի սահմանափակում, ըստ այդմ` մասնակիցները տրամադրել էին նկարներ, պաստառներ, հոդվածներ, ֆիլմեր, հոլովակներ և այլն: Կանանց աջակցման կենտրոնը կարևորում է նմանատիպ միջոցառումների նախաձեռնումն ու իրականացումը, քանի որ դրանք մեր հասարակության շրջանում խթանում են գենդերային հավասարությունն ու բարձրաձայնում գենդերային հիմնահարցերի կարևորության ու արդիականության մասին: