30 հունվարի 2013 - 18:43 AMT
Երևանի տարբերանշանի զարգացման մրցույթը շարունակվելու է մինչև մարտի 15-ը

Երևանի քաղաքապետարանի 2012թ. նոյեմբերի 15-ից հայտարարած Երևանի տարբերանշանի զարգացման բաց ստեղծագործական մրցույթը շարունակվում է: Աշխատանքներն ընդունվելու են մինչև մարտի 15-ը: Ընտրված գաղափարները, հնարավոր տարբերանշանները, ինչպես նաև կարգախոսները օգտագործվելու են բրենդի ստեղծման համար: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. հենց մրցութի նպատակն է հասարակության մասնակցությունը, ժամանակակից և ստեղծագործական գաղափարների բացահայտումը, հեղինակային և մասնագիտական ունակությունները մայրաքաղաքի տարբերանշանի հայեցակարգի գործընթացում օգտագործելու համար:

Առաջարկը պետք է ներառի տարբերանշան, տարբերանշանի գաղափարախոսություն, կարգախոս: Աշխատանքների ընտրության ժամանակ հաշվի են առնելու գաղափարի և տարբերանշանի ինքնատիպությունը և նորարարությունը, պարզությունն ու գրավչությունը, ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ սփյուռքի և օտարերկրացիների համար, կենտրոնացումը քաղաքի զբոսաշրջության, տնտեսական և ներդրումային գրավչության բարձրացման վրա: Կարևոր է նաև գաղափարի և/կամ տարբերանշանի և/կամ կարգախոսի հարմարվելու հնարավորությունը այլ լեզուների համար ու գեղագիտական արժեքը (նախագծի տարբերանշանի համար):

Մրցույթին մասնակցելու համար աշխատանքները պետք է վերբեռնել iYerevan կայքի համապատասխան բաժնում` հետևելով մրցույթի ներկայացման պայմաններին: Մեկ կազմակերպության և/ կամ անհատի կողմից կարող են մրցույթին ներկայացվել անսահմանափակ թվով առաջարկներ: 2013թ. մարտի 16-ից հետո տեղի կունենա առցանց քվեարկություն iYerevan կայքում և Facebook սոց. կայքի հատուկ ստեղծված էջում, որի արդյունքում ներկայացված աշխատանքներից կկազմվի աշխատանքների կարճ ցանկը (առավելագույն միավորներ հավաքած 10 աշխատանքները): 2013թ. ապրիլին ոլորտի անկախ մասնագետները, հնարավորություն կունենան կարծիք հայտնել աշխատանքների վերաբերյալ, որը հաշվի կառնվի վերջնական ընտրության ժամանակ:

Կազմակերպիչները հուշում են` լինելով տուրիստական եռյակի մեջ (Երևան, Թբիլիսի, Բաքու)` հարկավոր է ուսումնասիրել հարևանների ունեցած տարբերանշանները և ցայտուն ցույց տալ տարբերությունը հարևանների միջև:

Մրցույթի հաղթողները պարգևատրվելու են Երևանի քաղաքապետի կողմից ստորագրված պատվոգրով և խրախուսական մրցանակներով` հնարավորություն ստանալով իրականացնել տարբերանշանի տեղայնացման աշխատանքները Երևանում` վճարովի հիմունքներով: