31 հունվարի 2013 - 15:14 AMT
Աղջիկները` բանակում. Պարույր Հայրիկյանի ու Վարդան Սեդրակյանի անակնկալը

ՀՀ նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանն ու Վարդան Սեդրակյանը լավ անակնկալ ունեն այն աղջիկների համար, ովքեր ցանկանում են ծառայել բանակում: Եթե նրանցից որևէ մեկն ընտրվի Հայաստանի նախագահ, ապա հայ աղջիկները կզորակոչվեն բանակ:

Պարույր Հայրիկյանի ծրագրահենքի 4-րդ մասում ներառված է աղջիկների բանակ զորակոչվելու մասին դրույթը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանն հիշեցրեց, որ այդ նախաձեռնությամբ դեռ 3 տարի առաջ է հանդես եկել: Ծառայություը 10 ամիս է տևելու: Ինչպես կանայք և աղջիկները գնում են աշխատանքի, բուհ, նույն կերպ ծառայության առաջին 6 ամիսները իրենց տնից գնալու են ծառայության և երեկոյան տուն են վերադառնալու, բայց աշախատավարձ չեն ստանալու: Օրական 3 անգամ սնունդ են ստանալու, ճանապարհածախս: Առաջին 6 ամիսների ընթացքում սովորելու են մեքենա վարել, թեթև զենքերի տիրապետել, կապի հաղորդակցության միջոցներին ծանոթանալ, բուժօգնություն: Դրանից հետո 4 ամիս արդեն որպես ծառայողներ, իրենց գիտելիքներն՝ ըստ Պաշտպանության նախարարաության անհրաժեշտության, օգտագործելու են հայրենիքի պաշտպանության որևէ բնագավառում: Դա հնարավորություն կտա այդ նույն տարածքից տղաներին տեղափոխել առաջին գիծ:

«Ծառայության ավարտից հետո էլ, եթե բուհ ընդունվում են վճարովի, պետությունը իր հնարավորության սահմաններում հոգում է նրանց ծախսերը: Հետագայում ծառայած աղջիկները ամբողջ կյանքի ընթացքում որևէ պետական հիմնարկում աշխատելիս առավելություն են ունենում այն աղջիկների նկատմամբ, ովքեր չեն ծառայել»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:

Նախագահի մյուս թեկնածուն` Վարդան Սեդրակյանը դեմ չէ բանակում աղջիկների ծառայությանը, եթե իհարկե նրանք ցանկանան: «Եթե այնքան կամավոր լինի, որ կարողանանք աղջիկների գոնե մեկ ջոկատ ստեղծել, ինչու` ոչ: Բայց պարտադրաբար և տղաների հետ աղջիկների ծառայությունը չի լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:

21-ամյա Անին այն աղջիկներից է, ով շատ է ցանկանում ծառայել բանակում: Նա, լսելով նախագահի թեկնածուների առաջարկի մասին, շատ ոգևորվեց: Ասաց, որ ավելի հավատում է Պարույր Հայրիկյանին, քանի որ թեկնածուն հստակ առաջարկ է անում: Անին հույս հայտնեց, որ թեկնածուները դրույթն իրենց ծրագրերում ամրագրելուց բացի, ընտրվելու դեպքում նաև կիրագործեն: