31 հունվարի 2013 - 15:20 AMT
Մաշտոցի պողոտայում ԵՄ տեղեկատվական կենտրոն է բացվել

Մաշտոցի պողոտայում այսօր Եվրոպական Միության կենտրոն է բացվել, որը Հայաստանում Եվրոպական միության հաղորդակցության հանգույց պետք է դառնա: Բացման արարողությանը ներկա Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշել է, որ կենտրոնը երկար սպասված էր ու ԵՄ-Հայաստան գործակցությունն ավելի քան երբևէ ակտիվ է:

«Այսօր մենք ՀՀ-ում իրականացնում ենք ավելի քան 80 ծրագիր, որոնք ուղղված են բարեփոխումներին՝ մարդու իրավունքների պաշտպանության, առևտրի և տնտեսական զարգացման, միգրացիայի, մշակույթի և այլ ոլորտներում: Բազմաթիվ ձեռքբերումներ ունենք այստեղ, բայց համոզված ենք, որ բարեփոխումները դեռ առջևում են: Կենտրոնի խնդիրը Հայաստանում ԵՄ ծրագրերի մասին հանրությանը տեղեկատվություն տրամադրելն է»,- ասել է դեսպանը:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ում խոսքով՝ կենտրոնի բացումը ԵՄ-Հայաստան երեք տարիների աշխատանքի արդյունքն է:

«Մեր նվազագույն հաշվարկները ցույց են տալիս, որ ևս 70 ծրագիր կարելի է ընդգրկել, ու մեր երկիրը տանել վերանորոգումների ճանապարհով: ԵՄ-ի՝ ավելին ավելիի դիմաց քաղաքականությունը ուզում եմ ողջունել և նշել, որ Հայաստանն արդեն օգտվել է այդ հնարավորությունից: ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները հիանալի ընթացք ունեն, իսկ կենտրոնի բացումը նոր հնարավորություններ կտա: Շատ ծրագրեր կան, որոնք հասանելի չեն պետական ու հանրային հատվածին, իսկ այս կենտրոնի շնորհիվ հնարավորություն կա դրանց մասին իմանալու և ներգրավվելու»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Հասարակության համար կենտրոնը բաց կլինի գարնանից սկսած: