31 հունվարի 2013 - 17:15 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ամփոփել է «Ամենաֆինանսական ստեղծագործություն» մրցույթի արդյունքները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանձնեց մրցանակներ «Ամենաֆինանսական ստեղծագործություն» մրցույթի մասնակիցներին, որը շուրջ մեկ ամիս անցկացվում էր Facebook սոցիալական ցանցում: Մրցույթի ընթացքում ավելի քան 700 նոր անդամներ միացան Facebook-ում գտնվող Բանկի խմբին: Մրցույթի անվանակարգերում հաղթողներին տրվել են MasterCard Gold տիպի քարտեր, իսկ մյուս մասնակիցներին` MasterCard Standard պլաստիկ քարտեր: Բանկի պլաստիկ քարտերի միջոցով քարտապաններին հնարավորություն է տրվում ստանալու զեղչեր ավելի քան 200 սպասարկման կետերում և ընկերություններում (առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինչպես նաև հանգստի և զվարճանքների կենտրոններ)` ողջ Հայաստանի տարածքով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Ամենաֆինանսական ստեղծագործություն»-ը հեղինակային աշխատանքների մրցույթ է` նվիրված բանկային և ֆինանսական ոլորտին: Մրցույթն անցկացվում էր հետևյալ անվանակարգերում` լուսանկարչություն, գեղանկարչություն, պատկերազարդում, բանաստեղծություն, երաժշտական ստեղծագործություն, ծաղրաշար, կարճամետրաժ ֆիլմ, տեսանյութ և այլն:

Բանկն առաջարկում էր բոլոր ցանկացողներին իրենց աշխատանքները տեղադրել Facebook-ի «Areximbank-Gazprombank Group» խմբում, որտեղ հենց համացանցի օգտատերերը գնահատում էին մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված աշխատանքները: Ըստ այդմ, անվանակարգում մրցույթի հաղթողներ դարձան ամենաշատ «լայքեր» հավաքողները: