
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում, մասնավորապես, ասված է. «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ գյուղ ՀՀ նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը մասնակցել են նաև գյուղի դպրոցի ուսուցիչները և աշակերտները, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը: Ելնելով վերոնշյալից` առաջարկում եմ դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ»:
PanARMENIAN.Net-ը կապվեց Ագարակ գյուղի դպրոցի տնօրեն Ռոզա Ավանիսյանի հետ, պարզելու, թե արդյո՞ք ուսուցիչներն ու դպորցի աշակերտները մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ինչի արդյուքնում խաթարվել է դասապրոցեսը: Դպրոցի տնօրենն ասաց, որ իրենք նախագահի հետ հանդիպմանը չեն մասնակցել և հավանաբար շփոթել են Ագարակ քաղաքի դպրոցի հետ: Իրենց գյուղը Ագարակ քաղաքից 15 կմ հեռու է, այդ օրը բոլոր աշակերտները և ուսուցիչները դպրոցում են եղել, մատյանում որևէ բացակա չկա: «Մենք ընդամենը 15 աշակերտ ունենք: Նրանցից որևէ մեկը չի բացակայել, ես նույնպես չեմ գնացել»,- պարզաբանեց Ռոզա Ավանիսյանը:
PanARMENIAN.Net-ը զանգահարեց նաև Ագարակ քաղաքի դպրոցի տնօրենին, ով ասաց, որ ինքը մասնակցել է նախագահի հետ հանդիպմանը, ապա երկար բացատրություններից հետո որոշեց մեկնաբանություն չտալ: