4 օգոստոսի 2005 - 08:03 AMT
ԱՄՆ-Ն ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՋԱՆՔԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հրավերով գտնվում է Վաշինգտոնում: Այցի ծրագրի մեջ ընդգրկվել են հանդիպումներ Պետական դեպարտամենոտւմ, Պենտագոնում, Ազգային անվտանգության խորհրդում, ազդեցիկ քաղաքական կենտրոններում, հաղորդում է Բաքվի «525» թերթը; Օգոստսի 2-ին Է.Մամեդյարովը հանդիպումներ է ունցել Պետդեպարտամենտում, այդ թվում եւ Ք.Ռայսի հետ: Ադրբեջանի արտգործնախարարի հակիրճ հայտարարությունից կարելի է հետեւություն անել, որ հենց ղարաբաղյան թեման է առաջնայինը եղել քննարկվող հարցերի շարքում: Ադրբեջանի ԱԳ նախարարը խորը գոհունակություն է հայտնել քննարկումների կապակցությամբ եւ ասել, որ բանակցությունները շատ օգտակար են եղել: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ խոստացել է ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ք.Ռայսը ընդգծել է, որ ամերիկյա կողմի դիրքորոշումը այդ հարցում անփոփոխ է` Վաշինգտոնը կողմ է խնդրի լուծմանը «տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»: Հանդիպմանը խոսք է գնացել նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական նախագծերի մասին, կողմերը գոհունակությամբ նշել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում նախագծերի իրագործումը: Ռայսը ընդգծել է Ադրբեջանի առաջնայնությունը գլոբալ նախագծերի իրականացման հարցում: Է.Մամեդյարովը կարեւորել է Ադրբեջանի համար Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նշանակությունը: Օգոստսի 2-ին Մամեդյարովը հանդիպել է նաեւ ԱՄՆ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մանի հետ: Զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել խաղաղ բանակցությունների ընթացքը: Ինչպես հայտնի է, այս ամսվա վերջում ռուսական Կազան քաղաքում կայանալիք ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ակնկալվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, եւ մամեդյարովի ամերիկացի համանխագահի հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ քննարկվելու է կարգավորման ընթացքը այդ հանդիպման նախօրեին: Նախօրեին Մամեդյարովը հանդիպումներ է ունեցել Պենտագոնում եւ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում: Պենտագոնի այցելությունը տարբեր շահարկումների համար առիթ է հանդիսացել ադրբեջանական, նաեւ ռուսական մամուլում: Հիշեցնենք, որ Է.Մամեդյարովը նմանատիպ այց էր կատարել Վաշինգտոն եւ անցյալ տարի, սակայն Պենտագոն չէր այցելել: Այդ պատճառով որոշ դիտորդներ հայտարարում են, թե այդ այցելության նպատակը նախապատրաստական է` օգոստոսի վերջում Պենտագոնի ղեկավար դոնալդ Ռամսֆելդի Բաքու կատարելիք այցի առումով: Նշվում է, որ այդ այցը եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հաճախակի դարձած այցելությունները Պենտագոն ցույց են տալիս, որ իրագործման փուլ է մտնում ԱՄՆ մտադրությունը ռազմական կայաններ տեղադրել Ադրբեջանում: Նույնիսկ հավաստաիցումներ են հնչում, թե Ադրբեջանի համաձայնությունը իր տարածքում ամերիկյան ռազմակայան տեղակայելու հարցում կարող է զգալիորեն մեղմել Վաշինգտոնի դիրքորոշումը Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք ընտրությունների վերաբերյալ: Հավաստաիցնում են, որ ԱՄՆ եւ Ադրբեջանի միջեւ այդ երկու հարցերի շուրջ քաղաքական սակարկություն է գնում, նշում է թերթը: