1 փետրվարի 2013 - 15:40 AMT
Ռամկավար Ազատական կուսակցություն. Անցել են կրակոցներով հարցեր լուծելու ժամանակները

Նախագահական նախընտրական քարոզարշավի եռուն շրջանում, երբ ամեն ինչ ընթանում էր հանգիստ, խաղաղ, հանդուրժողական ու գործնական մթնոլորտում, երբ կային բոլոր հնարավորությունները վերջապես Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, Տպագրիչների փողոցում նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ուղղությամբ արձակած կրակոցները խաթարեցին այդ բնականոն ընթացքը: Այս ամենը հարցեր են առաջացնում ու վնաս հասցնում ՀՀ հեղինակությանը, սասանում հայ ժողովրդի բարի համբավն ու վարկը միջազգային կառույցներում:

Ռամկավար Ազատական կուսակցությունը դատապարտում է կատարված քստմնելի արարքը, այն որակում վտանգավոր ու վիրավորական, որն ուղղված է նաև ՀՀ պետականության, ներկա իշխանությունների և, ընդհանրապես, հայ ժողովրդի հասցեին և համապատասխան կառույցներից պահանջում` կարճ ժամկետում բացահայտել ոչ միայն հանցագործությունը կատարողներին, այլև նրանց թիկունքում կանգնած բոլոր ուժերին և պատժել օրենքի ողջ խստությամբ:

Ռամկավար Ազատական կուսակցությունը գտնում է, որ այլևս անցել են կրակոցներով հարցեր լուծելու ժամանակները և բոլոր նրանք, ովքեր հույս ունեն նման անմարդկային մեթոդներով խաթարել հանրապետության գործնական ու կայացող ժողովրդավարության միջավայրը, պատասխան պիտի տան օրենքի տառին համապատասխան:

Ռամկավար Ազատական կուսակցությունը շուտափույթ առողջացում է մաղթում Պարույր Հայրիկյանին և ցանկանում, որ նա հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերադառնա ակտիվ քաղաքական կյանք, ասվում է կուսակցության հանրապետական վարչության հայտարարության մեջ: