1 փետրվարի 2013 - 17:38 AMT
ԿԸՀ. Թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտ ճանաչելու իրավասությունը վերապահված է սահմանադրական դատարանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ: Նախքան նիստի օրակարգին անցնելը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը .

«Հանրապետության նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացվածը խստորեն դատապարտում ենք` որակելով այն ճղճիմ, նենգ ու ստոր արարք` ուղղված ընտրական բնականոն գործընթացների խոչընդոտմանը: Հուսով ենք, որ միջադեպն արագ կբացահայտվի, և բոլոր մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը:

Պարոն Հայրիկյանին մաղթում ենք առողջություն և շուտափույթ ապաքինում»:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է նաև Հանրապետության նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի համարելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու պայմանները` մասնավորապես նշելով, որ Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտ ճանաչելու իրավասությունը վերապահված է ՀՀ սահմանադրական դատարանին, իսկ այդ հարցով ՀՀ սահմանադրական դատարան կարող է դիմել բացառապես այն թեկնածուն, ում համար, ըստ տվյալ թեկնածուի, առաջացել է այդ խոչընդոտը:

Նշվածով պայմանավորված և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունները կասեցնելու կամ դադարեցնելու գործառույթ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար սահմանված չէ, հանձնաժողովը, ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, նիստում քննարկել է 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղեկանքը` 14.01.2013թ.-30.01.2013թ. ժամանակահատվածի համար: Քննարկման արդյունքում փաստվեց, որ հիշյալ հարցով պայմանավորված ընտրական օրենսգրքի որևէ խախտում չի արձանագրվել, և տեղեկանքը տեղադրվեց ԿԸՀ համացանցային կայքում: