5 օգոստոսի 2005 - 11:51 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՊՀ ՀՕՊ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ
Այսօր Ղազախստանի տարածքում մեկնարկում է «Մարտական համագործակցություն-2005» լայնամասշտաբ տակտիկական զորավարժությունների երկրորդ փուլը` ԱՊՀ Հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի մասնակից-անդամների մարտական կրակոցներով: Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի ՌՕՈՒ գլխավոր շտաբից: Ղազախստանի Օդային պաշտպանության ուժերի եւ Ղրղզըստանի ՀՕՊ զորքերի միավորումներն ու զորամասերը ՀՕՊ հինգ բրիգադների եւ զենիթային հրթիռային գնդի կազմում կկատարեն մարտական կրակոցներ Ժեզկազգանի շրջանում գտնվող «Սարի-Շագան» հրաձգարանում: Մինչեւ օգոստոսի 12-ը ձգվող զորավարժությունների նպատակը Հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկու երկրների բանակների համատեղ գործողությունների մշակումն է: Զորավարժությունների առաջին փուլն անցկացվել է Չիտայի մարզի «Թելեմբա» հրաձգարանում` հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 10-ը: Այդ ժամանակ Բելառուսի ՀՕՊ զորքերի եւ ՌՕՈՒ-ի եւ Բալիթիկ նավատորմի ՀՕՊ եւ ՌՕՈՒ զորամասերի հեռահար զենիթային հրթիռային համակարգերի մարտական հաշվարկների փոխգործակցությամբ ոչնչացվել էին հնարավոր հակառակորդի շուրջ տասը թեւավոր հրթիռներ` բարձրադիր արագընթաց թիրախների եւ մի քանի աէրոստատների տեսքով: «Մարտական համագործակցություն-2005» զորավարժությունների եզրափակիչ փուլը կանցկացվի օգոստոսի 22-31-ին` Աստրախանի մարզի «Աշուլուկ» հրաձգարանում: Բազմակողմանի մարտական փոխգործարկցությունը, մասնավորապես, հակաահաբեկչական գործողությունների եւ զինված հակամարտությւոնների առկայության դեպքում, կիրականացնեն Ռուսաստանի ՌՕՈՒ, Հայաստանի ՀՕՊ զորքերը, Բելառուսի ՌՕՈՒ եւ ՀՕՊ զորքերը, ինչպես նաեւ Տաջիկստանի ՀՕՊ զորքերը: Ղազախստանի օդային պաշտպանության ուժերի ներկայացուցիչները կմասնակցեն դիտորդի կարգավիճակում: Տասը տարի առաջ ստեղծված ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգը ապահովում է Համագործակցության օդային տարածքի պետական սահմանները` հսկելով այդ տարածքի օգտագործումը, տեղեկացնում է «Ցենտրանը»: