Ինսուլինն այսօրվանից բաշխվում է. նաև շաբաթ և կիրակի օրերին

Ինսուլինն այսօրվանից բաշխվում է. նաև շաբաթ և կիրակի օրերին

PanARMENIAN.Net - Պետության ձեռք բերած 2013թ. ինսուլինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հաշվի առնելով շաքարային դիաբետով տառապող հիվանդներին ինսուլինով ապահովելու անհետաձգելի պահանջի բավարարման անհրաժեշտությունը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հաստատվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը և հանձնարարվել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնին ու Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին` մրցույթի արդյունքների հիման վրա ընդունել և 1-2-օրյա ժամկետում ինսուլինային սրվակները բաշխել Երևանի և ՀՀ մարզերի բժշկական հաստատություններին:

Անհրաժեշտ դեղամիջոցը հիվանդներին հնարավորինս արագ հասցնելու նպատակով Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը կաշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին։ Նախարարությունը միաժամանակ Երևանի և մարզերի բուժհաստատությունների ղեկավարներին հորդորում է` ինսուլինի բաշխումը կազմակերպել հնարավորինս արագ և սահուն։

Հայցելով շահառուների ներողամտությունը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերջին շրջանում ինսուլինի բաշխման կարճաժամկետ ընդհատումը կապված էր պետության կարիքների համար 2013թ. ինսուլինի գնման գործընթացների հետ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---