2 փետրվարի 2013 - 12:42 AMT
Պարույր Հայրիկյանի վիճակը կայուն է. նա արդեն քայլում է

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր ինքնուրույն դուրս է եկել վերակենդանացման բաժանմունքից:

Լրագրողների հետ զրույցում Հայրիկյանն ասել է, որ իր ինքնազգացողությունը լավ է, գիշերը ցավեր չի ունեցել: Չնայած բժիշկների չքայլելու հորդորին, նա քայլում է, կարող է «անգամ տուն գնալ»: Բժիշկների խոսքով՝ անրաժեշտ է մեկ շաբաթ էլ մնալ հիվանդանոցում ու պրոցեդուրաներ ընդունել, բայց, ըստ նախագահի թեկնածուի՝ ավելի շուտ դուրս կգրվի:

Հայրիկյանը մեկ անգամ ևս նշել է, որ դեմ է նոր ընտրություններ նշանակելուն: Թեև պայմանավորվել են երկու շաբաթով ընտրությունները հետաձգվելու մասին, ինքը վերջնական որոշում դեռ չի կայացրել ու պետք է դիմում գրի:

«Դեռ որոշում չեմ ընդունել, բայց ամեն ինչ գնում է այն հունով, որով պետք է գնար, այսինքն՝ ամսի 18-ին ընտրւթյուն պիտի լիներ, ես դեռ հայտարարություն չեմ արել»,- ասել է նա:

Լրագրողների հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն էլ ասել է, որՀայրիկյանի առողջական վիճակն արդեն կայուն է ուհամապատասխանում է վիրահատության երկրորդ օրվան:

«Ակտիվ շարժվում է, քայլում է, ջերմություն չունի, ասում է, խոսում է: Քիչ առաջ վիրակապը փոխեցին», - ասել է նա։

Մանուկյանը նշել է, որ կարերը կքանդվեն 6-7-րդ օրը, մինչեւ երկուշաբթի հիվանդը կմնա հիվանդանոցում, հետո պարզ կդառնա: