6 օգոստոսի 2005 - 08:47 AMT
է.ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ. «ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ ԼՈՒՅՍ Է ԵՐԵՎՈՒՄ»
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում զեկույցուվ հանդես է եկել Կարնեգիի հիմնադրամում: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին, Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները եւ արտգործնախարարները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում: «Բանակցություններն անցնում են շատ բարդ մթնոլորտում, բայց առաջիկա հանդիպումներին ես վերաբերվում եմ զգուշավոր լավատեսությամբ: Ենթադրում եմ, որ թունելի վերջում լույս է երեւում, բայց դրան հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնել: Տարածքային ամբողջականության սկզբունքը անառարկելի է, եւ մենք բանակցություններում միշտ դրանով ենք առաջնորդվելու»,-հայտարարել է նա: Նշելով, որ Երեւանից Բաքու «տարբեր ազդանշաններ» են հասնում, նա ասել է, թե «երբեմն թվում է, թե առաջ ենք շարժվում, երբեմն` դոփում ենք տեղում, քանի որ գործընթացի զարգացումը կախված է Հայաստանից: Նրանք պետք է հասկանան, որ ներկայումս լավ պահ է ստեղծված հակամարտության կարգավորման համար եւ օգտվեն դրանից»: