2 փետրվարի 2013 - 13:55 AMT
Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նոր պետքարտուղարի խոստովանությունը

Հայոց ցեղասպանության և ԼՂՀ անկախության ճանաչման հարցում ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշումը չի փոխվելու: ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրին նախկինում հաճախ հանդես է եկել հայանպաստ հայտարարություններով: Այն ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին դատապարտել էր Իլհամ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը. «Ես շոկի մեջ եմ, որ Ադրբեջանը ոչ միայն վերադարձել է Սաֆարովին, այլ նաև ներում շնորհել նրան, բարձրացրել կոչումը և նրան հերոս դարձրել: Դա սադրիչ քայլ է, ուղղված երկու երկրների միջև լարվածության ուժեղացմանը և դա վնաս է հասցրել Ադրբեջանի կառավարության վստահությանը»:

Իսկ փետրվարի 1-ին Սենատում հարցուպատասխանի ժամանակ հայամետ սենատորներ Մենենդեսի և Բոքսի հարցերին պատասխանելիս ԱՄՆ նոր պետքարտուղարը մի քանի հետաքրիր շեշտադրումներ է արել: Քաղաքագետ Գարիկ Քեռյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ Քերրին հայտարարել է, որ ջանքեր է գործադրելու հայ-թուրքայկան սահմանի բացման և Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: ԱՄՆ պետքարտուղարը երեկ սենատում խոստովանել է, որ սխալ էր որոշակի նկատառումներից ելնելով Հայոց ցեղասպանությունը չճանաչելը: Նա նշել է, որ ջանք չի խնայելու գործընթացում առաջընթաց ապահովելու հարցում:

Ինչ վերաբերում ԼՂ կարգավորմանը, ապա պետքարտուղարը նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն դիվանագիտական շրջանակներում և ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար:

Գարիկ Քեռյանն արձանագրեց, որ այս շեշտադրումներից կարելի է ենթադրել, որ արմատական փոփոխություններ չեն լինելու: Քաղաքագետը նաև կանխատեսում արեց. «Հավանաբար ամռանը կամ աշնանը ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունները նոր փուլ կտեղափոխվեն և նոր փաստաթուղթ կդնեն քննարկման` որքանով հայանպաստ, դժվար է ասել»: