8 օգոստոսի 2005 - 08:45 AMT
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է
Միացյալ Նահանգների թուրքական կազմակերպությունները եւ թուրք դիվանագետները 2000 թվականին մտադրվում էին մոտ կես միլիոն դոլար նվիրաբերել ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթին` կանխելու համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին աշխատակիցներից մեկը: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, Սիբել Էդմոնդսը, ոըվ թարգմանիչ է աշխատել Հետաքննությունների դաշնային բյուրոյում, «Վենիթի ֆեյր» ամսագրի առաջիկա համարում, որը լույս է տեսնելու սեպտեմբերին, հրապարակելու է իր թարգմանած ձայնագրությունները, որոնք վկայում են, որ Ամերիկայի թուրքական կազմակերպությունները եւ Թուրքիայի հյուպատոսությունը Չիկագոյում մտադրվում էին 500 հազար դոլարի նվիրատվություն անել Հասթերթի նախընտրական արշավի համար: Հանգանակությունը պետք է արվեր մինչեւ 200 դոլար փոքր նվիրատվությունների ձեւով, քանզի այդպիսի նվիրատվություններ անողից չի պահանջվում բացահայտել իր ինքնությունը: