Ատոմ Ջանջուղազյան. 2012թ. հաջովեց լրացուցիչ 101 մլրդ դրամ հարկ հավաքել

Ատոմ Ջանջուղազյան. 2012թ. հաջովեց լրացուցիչ 101 մլրդ դրամ հարկ հավաքել

PanARMENIAN.Net - 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 939.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 951.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.3%-ով և 97.1%-ով ապահովել են տարեկան ճշտված ծրագրի կատարումը: Ինչպես փետրվարի 4-ին լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10.8%-ով կամ շուրջ 91.3 մլրդ դրամով:

Ըստ նրա, ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 951,7 մլրդ դրամ` 97,1%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 4%-ով կամ 37 մլրդ դրամով: Բանախոսը ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ պետական բյուջեի եկամուտների 93.5%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2%-ը` այլ եկամուտների, 1.3%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2012 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 878.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են տարեկան ծրագրի 100% կատարողական: Ջանջուղազյանը հավելեց նաև, որ 2011 թվականի համեմատ նշված եկամուտներն աճել են 13%-ով կամ շուրջ 101 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով: 2013թ. կառավարությունը կրկին մտադիր է ավելացնել հարկերի հավաքագրման մակարդակը՝ մոտ 115 մլն դրամով:

Փոխնախարարը նշել է, որ 2012 թվականին ՀՀ պետական բյուջեն (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված վարկային միջոցների) կատարվել է 12.3 մլրդ դրամ պակասուրդով` տարեկան ծրագրով նախատեսված 43.2 մլրդ դրամի և նախորդ տարվա 66.7 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց:

Պետական բյուջեի պակասուրդի ներքին աղբյուրները կազմել են 8.6 մլրդ դրամ, արտաքին աղբյուրները` շուրջ 3.8 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---