4 փետրվարի 2013 - 17:15 AMT
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր անցկացրել է հերթական բաց դռների օրը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր անցկացրել է հերթական բաց դռների օր, որին մասնակցող 100-ից ավելի քաղաքացիների մեծամասնությունը տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ էին: Պայմանավորված հետաքրքրություն հայտնած քաղաքացիների մեծ քանակությամբ` հանդիպումն անց է կացվել երկու խմբով: Քննարկվել են 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրություններին առնչվող հարցեր, մասնավորապես` հստակեցվել են քվեարկության օրվա հետ կապված ընթացակարգերն ու ընտրական իրավունքի` օրենսդրությամբ ամրագրված իրացման մեխանիզմները, ասվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը և հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, անդրադառնալով ԿԸՀ համացանցային կայքի հնարավորություններին, քաղաքացիներին են ներկայացրել կայքի` նոր ծառայությամբ համալրված բաժինը, որը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալներին:

Հանդիպման ավարտին բանախոսները, շնորհակալություն հայտնելով ներկաներին ընտրական գործընթացների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար, ևս մեկ անգամ կարևորել են քաղաքացիների ակտիվ մասնակցությունը գալիք ընտրություններին: