9 օգոստոսի 2005 - 08:18 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔԿԲԵՐՎԻ ԿԱՄ ՀԻՄԱ, ԿԱՄ ՀԵՌԱՎՈՐ ԱՊԱԳԱՅՈՒՄ
«Մենք մեծ հավատ ունենք, որ ղարաբաղյան հակամարտության հարցում խաղաղ համաձայնագրի ձեռքբերման համար պայմաններ կստեղծվեն: Այդ առնչությամբ մենք նախագահների Կազանի հանդիպմանը վերաբերվում ենք որպես իրական հնարավորության»,- «Ազատություն» դադիոկայանին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ կողմից համանախագահի տեղակալ Էլիզաբեթ Ռութը: Նշենք, որ օգոստոսի 27-29-ին Թաթարստանի մայրաքաղաք Կազանում կկայանա ԱՊՀ երկրների վեհաժողով, որի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ կառույցների կատարելագործմանը, համագործակցությանը,տարածաշրջանային հակամարտությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերին առնչվող հարցեր: Այդ վեհաժողովի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հերթական հանդիպումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: Ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ չնայած Կազանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման հետ կապված ակնկալիքներին` պետք չէ սպասել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ամփոփիչ փաստաթղթի ստորագրում, քանի որ դրա համար անհրաժեշտ է շարունակել բանակցությունները. «Անձամբ ես չէի ակնկալի ամփոփիչ փաստաթղթի ստորագրում Կազանում: Ընդհանուր առմամբ հնարավոր է, որ մոտ ապագայում այդ համաձայնագիրը չի ստորագրվի: Սակայն մենք հույս ունենք, որ երկու կողմն էլ կմոտենան այն օրվան, երբ խաղաղ համաձայնագիրը իրականություն կդառնա: Դրա համար մենք ջանք չենք խնայում»: Է.Ռութի կարծիքով` խաղաղության հնարավոր կլինի հասնել «կամ հիմա, կամ հեռավոր ապագայում», այսինքն` դա կախված է կողմերի վճռականությունից եւ կամքից: Այսինքն, հակամարտության կարգավորումը կարճ ժամանակում իրենց` կողմերի ձեռքում է: Նրա խոսքերով` կողմերը համանախագահներին հայտարարել են հակամարտության կարգավորման համար լուրջ աշխատանք տանելու ցանկության մասին: «Խաղաղության համար անհրաժեշտ հարցերը քննարկվում են արդեն 18 ամիս, եւ այդ քննարկումները կշարունակվեն»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Նրա խոսքերով` խաղաղ համաձայնագրի ստորագրումը պահանջում է երկու կողմերից դժվար որոշումների ընդունում եւ կոշտ ղեկավարություն, քանզի ղարաբաղյան հակամարտությանը չպետք է նայել որպես հասարակ հիմնախնդրի. «Սա այն խնդիրը չէ, որը կարելի է հեշտ լուծել: Երկու կողմի հասարակությունն ունի արդեն ձեւավորված դիրքորոշում այն մասին, թե ինչպես եւ ինչպիսի արդյունքներով կլուծվի հակամարտությունը: Այս հակամարտությունը կարգավորելը միշտ շատ դժվար կլինի: Հարկ կլինի ընդունել ծանր որոշումներ: Սակայն մենք հավատում ենք, որ պայմանները հասունացել են, եւ եթե կողմերը լուրջ աշխատանք տանեն, հնարավոր կլինի հասնել խաղաղության: Համենայն դեպս, մենք լավ արդյունքների հույս ունենք»: Է. Ռութն ասել է նաեւ, որ մինչեւ Կազանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում կհանդիպեն Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հետ: Այդ հանդիպումը նախապատրաստում կդառնա նախագահների հանդիպմանը: Է.Մամեդյարովը հաստատել է, որ նման հանդիպում կկայանա: Նա ասել է, որ օգոստոսի 23-ին կհանդիպի Վ.Օսկանյանի հետ Մոսկվայում, սակայն ոչինչ չի ասել հանդիպմանը համանախագահների մասնակցության մասին: Է.Մամեդյարովը հայտարարել է, որ հանդիպմանը կքննարկվեն մի քանի մանրամասներ, եւ այն հարցերը, որոնցով ձեռք կբերվեն համաձայնագրեր, կներկայացվեն Կազանում նախագահների հանդիպման ժամանակ: Նախարարի խոսքերով` օգոստոսի 23-ի հանդիպումից հետո եւ ինքը, եւ Վ.Օսկանյանը կներկայացնեն իրենց նախագահներին հատուկ հաշվետվություն: Հիշեցնենք, որ տարածաշրջան իրենց վերջին այցի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները հույս են հայտնել, որ Կազանի հանդիպումից հետո հակամարտության կարգավորումն առաջ կտեղաշարժվի: Նրանք հայտարարել են, որ Վարշավայում կայացած հանդիպմանը նախագահները պայմանավորվածություն են ձեռքբերել բանակցությունների արագ շարունակման մասին եւ այդ պայմանավորվածությանը համապատասխան համանախագահները մի քանի ամսվա ընթացքում մի շարք հանդիպումներ են անցկացրել Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ: Բացի այդ, համանախագահները հայտարարել են, որ մեղադրել իրենց խնդրի չկարգավորման հարցում ճիշտ չէ, քանզի հակամարտության կարգավորումը կախված է ոչ այնքան միջնորդներից, որքան կողմերից: Նշենք նաեւ, որ ԱՄՆ կատարած այցից հետո Է.Մամեդյարովը հայտարարել էր հիմնախնդրի լուծման գործում ոչ այնքան մեծ, սակայն համենայն դեպս առաջընթացի մասին: Նրա խոսքերով` չնայած բանակցություններն ընթանում են բարդ պայմաններում, նա լավատեսորեն է տրամադրված առաջիկա հանդիպումների նկատմամբ, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: