4 փետրվարի 2013 - 18:11 AMT
ՄԻՊ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խցերը գերբնակեցված են, գարշահոտ ու հակահիգենիկ վիճակ է

Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցները և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ստեղծված խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամներից կազմված աշխատանքային խումբն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել դատապարտյալների հետ, լսել նրանց բողոքները:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անբավարար պայմանների մասին առաջինը վկայում էին պատերի սառնությունն ու խոնավությունը ու դրանցից առաջացած գարշահոտությունը, որը թե հիմնարկի անձնակազմի և թե դատապարտյալների առողջության համար խիստ վտանգավոր պայմաններ է ստեղծում: Քրեակատարողական հիմնարկում կարևորագույն խնդիրներից է գերբնակեցումը:

«Նախատեսված է 840 պահման տեղեր, սակայն այցելության պահին պահվում էր 1 184 ազատազրկված: Բոլոր խցերը հիմնականում նույն մեծության են, սակայն աշխատանքային խումբն արձանագրել է, որ 8 հոգու համար նախատեսված որոշ խցերում ապրում են 3 հոգի, իսկ մյուս նմանատիպ խցերում՝ մինչև 18»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Արձանագրած հաջորդ խնդիրն, ըստ մշտադիտարկման խմբի, դատապարտյալների պահման պայմաններն են, որոնք, ըստ արձանագրության գարշահոտ են. «Բացառությամբ մի քանի խցերի, մյուս բոլոր խցերը խոնավ էին ու հակահիգիենիկ և վերանորոգման կարիք ունեին, սանհանգույցները նույնպես անմխիթար վիճակում էին»։

Աշխատանքային խումբն արձանագրել է նաև, որ առավոտյան նախաճաշից օրինակ 17 հոգուց բաղկացած խցում օգտվում են միայն երեքը. սննդի վատ որակը դատապարտյալների մշտական բողոքների թվում է եղել: Դատապարտյալները հիմնականում օգտվում են դրսից ուղարկված հանձնուքներից: Բավական վատ պայմաններում է պահվում նաև կալանավորների համար նախատեսված սնունդը:

Քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում պայմանները վերանորոգումից հետո բարելավվել էին, սանիտարահիգիենիկ վիճակը բավարար էր, սակայն դատապարտյալները հայտնել են, որ անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները ստանում են հարազատներից: Աշխատանքային խումբը պարզել է նաև, որ բժշկական քարտերում չեն փաստագրվում ազատազրկվածի կողմից հրավիրված բժշկի խորհրդատվությունը և հարազատների միջոցով ձեռք բերված դեղորայքը:

Դատապարտյալների հետ առանձնազրույցի ընթացքում աշխատանքային խումբն արձանագրել է նաև, որ զբոսանքները կատարվում են որոշակի օրերի, իսկ կիրակի օրն ընդհանրապես զբոսանք չի լինում: Վարչակազմը այս խնդրի կապակցությամբ հայտնել է, որ զբոսանքների կազմակերպումը կապված է աշխատակիցների ոչ բավարար քանակի հետ: