13 փետրվարի 2003 - 21:59 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ, ՈՐՏԵՂ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՎՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
«Open Doors» միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում է ողջ աշխարհի քրիստոնյաների իրավունքների պաշտպանությամբ, տարածել է այն երկրների ցուցակը, որտեղ քրիստոնեական հավատը ենթարկվում է զանազան ճնշումների: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Ադրբեջանն այդ ցուցակում զբաղեցնում է 15-րդ տեղը: Առաջին տեղերում են Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան եւ Վիետնամը: Այդ երեք պետությունները հրապարակման մեջ նշվում են որպես վարչակարգեր, որոնք առանձնանում են քրիստոնյաների նկատմամբ հետապնդման առանձնակի խստությամբ: Ցուցակում ընդգրկված պետությունների թվում են նաեւ` Լաոսը, Թուրքմենստանը, Սոմալին, Իրանը, Չինաստանը, Կատարը, Նիգերիան, Կուբան, Եգիպտոսը, Իրաքը, Լիվիան, Ուզբեկստանը, Աֆղանստանը, ինչպես նաեւ Ռուսաստանի որոշ տարածաշրջաններ (Չեչնիա, Դաղստան):