5 փետրվարի 2013 - 12:57 AMT
Արման Մելիքյան. Պարույր Հայրիկյանի՝ ՍԴ չդիմելը վկայում է ճնշումների մասին

Պարույր Հայրիկյանի՝ ՍԴ չդիմելը վկայում է ճնշումների մասին: Նախագահի թեկնածուԱրման Մելիքյանի ներքին զգացողություն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց.

«Ի վերջո հրազենային լուրջ վնասվածք է ստացել, կազդուրվելու և լիարժեք քարոզարշավ անցկացնելու համար ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու նրա պահանջը բնական կլիներ», - ասաց Ա.Մելիքյանը` ավելացնելով, որ ինքը մահափորձի հետ կապ ունեցող անձանց կամ ուժերի անուններ չի նշի, հավատում է քննչական մարմինների աշխատանքին, թող նրանք վարկած ներկայացնեն, բայց` մինչև փետրվարի 18-ը:

Միաժամանակ, թեկնածուն նշեց, որ իր համար միևնույն էր` կհետաձգվեին ընտրությունները, թե ոչ, քանի որ ցանկացած պարագայում իր որգեդրած մարտավարությունն անփոփոխ է: Նա խոսեց նաև մրցակիցների մարտավարության և ուղիների մասին, նշեց այլ ճնշումների մասին ևս.

«Թաղապետները շենքերի լիազորներին հավաքում են և նրանց միջոցով ճնշում բնակիչներին: Այդպիսի մարդիկ մտել են նույնիսկ մորս տուն, նույնիսկ մեր շտաբի անդամի տուն են մտել և կաշառք առաջարկել: Ոչ մի քաղաքացի ապահովագրված չէ այդ տխմար ճնշումներից»:

Արման Մելիքյանի մայրն Աջափնյակ համայնքում է ապրում: Ի դեպ՝ համայնքային հանդիպումներ կազմակերպելու, ընտրողների հետ շփվելու, այսինքն`ակտիվ քարոզարշավի Արման Մելիքյանը դեռ չի անցնի: Այդպիսի հեռանկարը նույնիսկ կարելի է ասել այսօր բացառվեց: Ասել էր, որ ակտիվ քարոզարշավի անցնելու համար իրեն հարկավոր են վիճակագրական տվյալներ, իսկ այսօր ավելացրեց` գործնականում դրանք անհնար է ստանալ: Իսկ քարոզչության ներկա փուլի մասին, առհասարակ, թեկնածուն ասաց.

«Անտեսվելու փուլից մենք դուրս ենք եկել և մտել մրոտվելու փուլ: Մենք իշխանություններին առաջարկում ենք երկխոսություն, համագործակցություն՝ ընտրությունների իրավաչափությունն ապահովելու համար: Եթե ընտրությունների իրավաչափությունը չապահովվի, մենք խոսելու ենք միայն այդ մասին»:

Արման Մելիքյանն այսօր էլ խուսափեց Սերժ Սարգսյանի հիմնական մրցակցի անունը նշել.«Իշխանության հիմնական մրցակիցը ճշմարտությունն է»: