5 փետրվարի 2013 - 13:01 AMT
Լևոն Հայրապետյան. Հայ սամբիստները պետք է լավ հանդես գան Կազանի Ունիվերսիադայում

2013 թվականին էլ, նախորդ տարվա պես, հայ սամբիստները հագեցած ու ակտիվ օրացուցային գրաֆիկ ունեն: Հունվարին 6 սամբիստներ մասնակցել են Նորսուլթան Նազարբաևի անունը կրող միջզագային մրցաշարին և նվաճել 2 բրոնզե մեդալ:

PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը նշեց, որ Հայաստանի բոլոր տարիքայինների առաջնություններն անցկացվելու են մարտ և ապրիլ ամիսներին: Դրանից հետո կազմավորվելու են Հայաստանի հավաքականները, որոնք մասնակցելու են ապրիլի 11-15-ը Կիպրոսում կայանալիք պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությանը:

«Մենք պետք է նաև շատ լավ նախապատրաստվենք և մասնակցենք ամռանը Կազանում կայանալիք համաշխարհային Ունիվերսիադային: Դա ևս մեր առաջնային խնդիրներից է»,- ասել է Հայրապետյանը:

Այս տարի նույնպես սամբոյի ֆեդերացիան անցկացնելու է Նելսոն Ստեփանյանի ավանդական հուշամրցաշարը, որն այս անգամ նվիրված է լինելու ԽՍՀՄ կրկնակի հերոսի 100-ամյակին: