
ՀՀ նախագահի ընտրությունները ոչ մի օրով չեն հետաձգվում, Պարույր Հայրիկյանը հիասթափեցրեց մի քանի թեկնածուների և չհետևեց նրանց` նոր ընտրություններ կազմակերպելու պահանջով ՍԴ դիմելու կոչերին: Այսօր իր ներկայացուցիչների` լրագրողների հետ հանդիպման ժամանակ անակնկալ հայտնվելով, Հայրիկյանը ցանկացավ ցույց տալ, որ ներկա է քաղաքական գործընթացներում և արդեն «գործի մեջ է»:
Պարույր Հայրիկյանը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին հիշեցնում է Դոն Կիխոտին: «Այն, որ նա երկու շաբաթով ընտրությունները չհետաձգեց, ցույց է տալիս, որ իր քարոզարշավի ընթացքում արած շեշտադրումները շարունակելու է և դեռ ավելին` մեղմացնելու է իշխանությունների դեմ քննադատությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հմայակ Հովհաննիսյանը:
Այն, որ մահափորձը անհաղաթահարելի խոչըդոտ էր, ասում է նաև ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարող Եղնուկյանը. «Սա անհաղթահարելի երևույթ է, բայց Պարույր Հայրիկյանը չի ուզում դա շահարկել»:
Ինչ վերաբերում է Հայրիկյանի որոշմանը, մյուս թեկնածուների կոչերին և հայտարարություններին, որ եթե Հայրիկյանը չդիմի ՍԴ, դա նրանք կանեն, Կարո Եղնուկյանը նշեց , որ բոլոր թեկնածուների համար նրանք ՍԴ դիմելու դուռը բաց են թողնում: «Եթե նրանք ունենան հստակ պատճառ, ապա խնդրեմ, թող դիմեն, բայց հայտարարել, որ ես կայրեմ մեքենաս ու կդիմեմ ՍԴ՝ պարզապես անընդունելի է»,- ասաց նա:
Այս քայլից հիասթափված և իր հասցեին իշխանության հետ գործարքի մեջ մտնելու վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնող թեկնածուներին էլ Պարույր Հայրիկյանը հորդորեց «նայել իրենց տարիքը և նայել, թե այդ տարիքում Հայրիկյանը ինչով էր զբաղված, հետո նոր միայն հիմարություններ դուրս տալ»:
Կարո Եղնուկյանը նշեց, որ բացառում են նոր ընտրությունների հանգամանքը: «Մեզ համար պարզ էր, որ ոճրագործների նպատակը Պարույր Հայրիկյանին վերացնելն էր»,- ասաց նա և ավելացրեց. «անկախությունից ի վեր սա Հայրիկյանի դեմ հինգերորդ դեպքն է, և եթե կատուների կյանքով ենք հաշվում, նա դեռ չորս կյանք ունի»:
Չնայած չորս կյանք ունի, սակայն անվտանգության միջոցառումներից չի հրաժարվի: Քանի դեռ ոճրագործը չի հայտնաբերվել, Պարույր Հայրիկյանը վտանգի տակ է, հետևաբար, կօգտվի թիկնապահների ծառայություններից: