
Ընտրությունները հետաձգելու պահանջով Սահմանադրական դատարան չդիմելու՝ Պարույր Հայրիկյանի որոշումը, գուցե, բացատրվում է նրանով, որ թեկնածուն մտածել է թույլ չտալ, որ մահափորձը ծառայի իր նպատակին: Կարծիքը «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանինն է, ով այսօր ասուլիսի ժամանակ նաև ասաց.«Հայրիկյանի որոշումը վերջին օրերի կամ ժամերի հետևանք էր, քանի որ սկզբում հայտարարեց, որ ստիպված է օգտվել ընտրությունները հետաձգելու, բայց ոչ դրանք վերստին սկսելու իր իրավունքից: Հետո նրա հայտարարությունները դարձան ավելի անորոշ: Կարծում եմ, որ նա ունի իր վարկածները և որոշումը հենց դրա հետ է կապված»:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համար ընդունելի կլիներ Պարույր Հայրիկյանի ցանկացած որոշում: Իսկ որ նրա որոշումները, նաև մեղադրանքի ուղղությունները փոփոխվում էին` նկատեց Ստյոպա Սաֆարյանը. նախ մեղադրեց արտաքին ուժերին`Ռուսաստանին, ապա ներքին` ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերին:
Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցը նշեց, որ իշխանությունը միջնորդավորված հասկացնում են, որ «դրսից» են արել, հետևաբար չի կարող բացահայտել, թափը չի հերիքի:
«Պատկերացնում եք, եթե Պ.Հայրիկյանի ասածն իրականությանը համապատասխանի և պարզվի, որ, օրինա,կ Ռուսաստանն է արել: Ես ամենևին չեմ պնդում, օրինակ: ՀՀ իշխանությունների թափը կհերիքի՞ ընդհանրապես դա ասելու համար, թե ուղղակի հոկտեմբերի 27-ի նման կակնարկեն, որ, գիտեք, այդպիսի հանցագործությունները չեն բացահայտվում երբևիցե, որովհետև մենք թույլ պետություն ենք: «Ժառանգության» ծրագիրը գալիս է ասելու, որ Հայաստանը պետք է լինի այն ուժեղ պետությունը, որը ոչ միայն թույլ չի տա նման դեպքեր, այլ պարզապես ապահովագրած կլինի քաղաքական գործընթացները նման կարգի որևէ միջամտությունից», - ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ տարիներ առաջ էր այդ ուղղությամբ քայլ անում` պնդելով գաղտնազերծման օրենքի ընդունումը: Նույնիսկ օրինագիծը ներկայացվեց, որի 1-ին նպատակը երկրի անվտանգության ապահովումն էր, ոչ թե թուլացումը, ինչպես ներկայացնում էր Ս.Սարգսյանի կառավարությունը:
«Գաղտնազերծումը կբարձրացնի երկրի անվտանգության, անկախության, ինքնիշխանության մակարդակը: Այս միջադեպը ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ այն ժամանակ Հայաստանը պիտի գնար այդ քայլին», - ասաց Ստյոպա Սաֆարյանն ու ավելացրեց, որ այդ նախագծին կողմ էր նաև Պարույր Հայրիկյանը:
Վերադառնալով նրա դե արված մահափորձին` Ստյոպա Սաֆարյանն նշեց, որ այն մարդկանց ուշադրությունը շեղեց կարևոր հարցերից, օրինակ ընտրացուցակներից: Հենց Պ.Հայրիկյանը Ր.Հովհաննիսյանի և Հ. Բագրատյանը հետ քայլեր էին ձեռնարկում, որոնք մահափորձի ստվերում մնացին: «Մահափորձը վիժեցրեց, հետաձգեց այդ գործընթացը»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը, իսկ նման դեպքի կրկնությունը բացառելու նպատակող թիկնապահների ծառայությունից օգտվելու առաջարկին պատասխանեց Հովսեփ Խուրշուդյանը. «Այս պահին մենք ակնկալում ենք ՀՀ ոստիկանությունից, որ օպերատիվ տեղեկություններ կտրամադրի այն մասին, թե արդյոք որևէ թեկնածուի վտանգ սպառնո՞ւմ է, թե՝ ոչ: Դրանից հետո մենք կորոշենք»: