1 սեպտեմբերի 2005 - 11:42 AMT
ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐ. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ Է, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՓՈՓՈԽՎԻ
«Եթե Հայաստանի Սահմանադրության հանրաքվեն ձախողվի, ես չեմ համարի, որ ժողովուրդն իր անվստահությունն է հայտնել գործող իշխանություններին, ինչպես դուք հիշում եք, հանրաքվեներ անցկացվել են նաեւ եվրոպական երկրներում, դրանք մերժվել են, սակայն այդ չի գնահատվել որպես իշխանությունների հանդեպ անվստահություն»: Նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Վստահությունը կամ անվստահությունը հարաբերական հասկացություններ են, քանզի 50,1% կարող է վստահել ինչ որ բանի, իսկ 49 %-ը` ոչ: Սահմանադրությունը երկրի այն հիմնական փաստաթուղթն է, որը պետք է ժամանակի ընթացքում փոփոխվի: Նախագծում, իհարկե, կան դրույթներ, որոնք ցանկալի կլիներշոշափել, սակայն, ընդհանուր առմամբ, այդ տարբերակն ընդունելի է»,- նշել է Սարգսյանը: Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է խորհրդարանի ընդդիմադիր ուժերի կողմից` ուղղումների նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ հնչած հայտարարությունները: «Ընդդիմադրության կողմից քննադատությունն, իհարկե, սպասելի էր: Անսպասելի չէր նաեւ իմ, ինչպես նաեւ Հանրապետական կուսակցության հասցեին արված հարձակումները: Սակայն կոալիցիան նույնպես չէր լռել` փորձելով բացատրել փոփոխությունների իմաստը, որպեսզի դրանք պարզ եւ հասկանալի լինեն մեր ժողովրդին: Կարծում եմ, այս ժամակաշրջանում խդիր կա` հասարակությանը հասցնել բարեփոխությունների իմաստը»: Անդրադառնալով «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի հայտարարություններին` Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է. «Գեղամյանը, ինչպես միշտ, փորձել է ինչ որ բան ասել` իհարկե, ես նրան չեմ լսել: Նա սուտասան է եւ բամբասկոտ, միեւնույն ժամանակ, դատարկ մարդ, որը նաեւ խուճապի է մատնվում: Չգիտեմ, ինչու է նա խուճապի մատնվում, հավանական է, նրա համագործակցության հերթական առաջարկությունը կրկին անգամ մերժվել է: Նրան թվում է, որ աշխարհը պտտվում է նրա շուրջ, չնայած, իրականում, ոչ ես, ոչ էլ երկրի ղեկավարության ուրիշ ներկայացուցիչներ, մեր ազգային արժանապատվությունից ելնելով մեզ թույլ չենք տվել, ինչպես Գեղամյանն է պնդում, ռուս կամ եվրոպական գործընկերների հետ քննարկել ոչ Գեղամյանի, ոչ ուրիշ` մեծ կամ փոքր կարեւորություն ունեցող մարդու ինքնությունը»,- նշել է Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: