1 սեպտեմբերի 2005 - 11:57 AMT
ԵԱՀԿ ՄԽ-Ն ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԿՐԿԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահ Դմիտրի Ռուպելին տեղեկացրել են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի օգոստոսի 27-ին Կազանում կայացած հանդիպման մանրամասների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Նրա խոսքերով, այդ նպատակով համանախագահները նախագահների հանդիպումից անմիջապես հետո մեկնել են Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա: Յու.Մերզլյակովը իր կարծիքն է հայտնել նախագահների վերջին բանակցությունների վերաբերյալ, եւ հայտարարել է, թե հանդիպումը լավն է եղել եւ օգտակար: «Այն ընթացել է լավ մթնոլորտում: Քննարկումը շատ մանրամասն է եղել, այն ուղղությամբ, ինչ մենք ենթադրում էինք: Համանախագահներիս մոտ այն կարծքն է ստեղծվել, թե կան բոլոր հիմքերը գոհունակություն հայտնելու, կարծում եմ բոլորը գոհ մնացին»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ ռուս դիվանագետը նշել է, որ չի կարող պատասխանել այն հարցին, թե արվել են արդյոք հանդիպման ժամանակ նոր առաջարկներ: Նա նաեւ կարեւորել է գաղտնիության պահպանումը բանակցությունների բարեհաջող ավարտի համար: Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների նոր հանդիպման վերաբերյալ Յուրի Մերզլյակովը ասել է, որ համանախագահները բոլոր ջանքերը կգործադրեն, որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան մինչեւ տարեվերջ: «Իսկ մինչ այդ կողմերը պետք է վերջին բանակցությունների հիման վրա իմաստավորեն այն ամենը, ինչ ասվել է եւ իրենց կարծիքը հայտնեն համանախագահներին»: Ինչ վերաբերվում է տարածաշրջան համանախագահների հերթական այցին, ապա Յուրի Մերզլյակովը ասել է, որ նրանք մտադիր են տարածաշրջան այցելել մինչեւ դեկտեմբեր: Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը Կազանի հանդիպման արդյունքներին ծանոթանալու համար կայցելի Բաքու եւ Երեւեան: