
Հայաստանի հանրապետության կառավարությունը և ՀՀ բանկերի միությունը նախաձեռնել են վարկային ծրագիր, որի հիմնական շահառուները պետական, ինչպես նաև ոչ պետական բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն են: Ուսումնական վարկը կտրամադրվի ՀՀ դրամով, ուսանողների ծնողների և խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով: Երաշխավորներից պահանջվելու է միայն, որ նրանք չունենան վարկային վատ պատմություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ենթադրվում է, որ վարկը կմարեն ուսանողները, երբ ավարտեն ուսումն ու սկսեն աշխատել: Ուսումնառության ընթացքում կմարվեն միայն տոկոսներ (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կկատարվի վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Վարկի առավելագույն ծավալը յուրաքանչյուր վարկառուի համար կկազմի 1 800 000 դրամ`ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում`յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ`կախված ուսման վարկի չափից: Գումարի քանակը պատահական չէ. դա 2013-14 թվականներին Հայաստանում գործող բուհերի միջին վճարն է, և չնայած 100 տոկոսով չի ծածկում այն բուհերի վարձը, որտեղ վճարը շատ ավելին է, քան 450 հազարը, սակայն վարկը զգալիորեն կթեթևացնի ուսանողների վիճակը: Վարկը կտրամադրվի 12 տոկոս տոկոսադրույքով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2 տոկոսը, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար`3 տոկոսը: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. վարկի գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին: Ծրագիրն իրականացնելու է Հայաստանում գործող 23 բանկերից միայն 14-ը: Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս գործընթացը աննախադեպ է, քանի որ, եթե նախկինում բանկերը ուսումնական վարկը տրամադրում էին 5-7 տարի ժամկետով, ապա այժմ՝ 10 տարի և, բացի այդ, վարկը մարելու բեռը ընկնելու է հենց ուսանողնեի վրա: Ուսանողները վարկի համար կարող են դիմել արդեն վաղվանից: