6 փետրվարի 2013 - 14:58 AMT
Շավարշ Քոչարյան. Ցանկացած դիվանագետ չպետք է անցնի դիվանագիտական էթիկայի սահմանները

Ցանկացած դիվանագետ՝ առավել ևս դեսպան, իր հավատարմագրման երկրում տեղի ունեցող գործընթացների, այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մասին կարծիք հայտնելիս, չպետք է անցնի դիվանագիտական էթիկայի սահմանները, ինչը կարող է ստվեր գցել հենց դեսպանի՝ որպես երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստող պատասխանատուի առաքելության վրա: Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Լեհաստանի դեսպանի արտահայտությունները:

Տեղական մամուլին տված հարցազրույցում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին անվտանգ և ապահով Հայաստան ունենալու հայ ժողովրդի ձգտումը քանդվող միֆ է անվանել, ինչպես նաև ոչ այնքան կոռեկտ եզրահանգումներ է արել ընտրական գործընթացի վերաբերյալ: