Լյուքսեմբուրգն ապացուցեց, որ ֆուտբոլում «համեստ թիմեր» չկան

Լյուքսեմբուրգն ապացուցեց, որ ֆուտբոլում «համեստ թիմեր» չկան

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միասին չէր հավաքվել ու մարզվել արդեն գրեթե չորս ամիս: Վերջին անգամ Վարդան Մինասյանի թիմը նոյեմբերի 14-ին ընկերական խաղում 4:2 հաշվով հաղթանակ էր տարել Լիտվայի ընտրանու նկատմամբ:Դժվար է խոսել երեկ կայացած Հայաստան- Լյուքսեմբուրգ խաղի մասին ռադիոհեռարձակմամբ հետևելուց հետո, բայց ակնհայտ է, որ թիմում որոշակի խնդիրներ կան ու դրանք պետք է շտկել մարտի 26-ին Երևանում կայանալիք Չեխիայի հետ խաղից առաջ:

Այն թիմում, որը երեկ Վալանսում հանդիպեց Լյուքսեմբուրգին և ոչ ոքի`1:1, խաղաց որոշակի փոփոխություններ են կատարվել: Հավաքական էին հրավիրվել մի քանի նորեկներ, իսկ հիմնական կազմի որոշ ֆուտբոլիստներ բացակայում էին: Խաղալու հնարավորություն ստացան Արտյոմ Խաչատուրովը և Նորայր Ասլանյանը: Իհարկե, մեկ խաղը բավական չէ ընդհանուր լեզու գտնելու և թիմային խաղի բոլոր նրբություններին ծանոթանալու համար: Բայց իրենց բարձրության վրա չէին նաև մյուս խաղացողները:

Պահպանվեց նաև «տարեսկզբյան ավանդույթը», քանի որ մեկնարկային խաղերում հայ ֆուտբոլիստները այդքան էլ հաջող չեն ելույթ ունենում: Անցած տարի փետրվարի 28-ին Կիպրոսում Հայաստանի ընտրանին 0:2 հաշվով զիջեց Սերբիային, մեկ տարի առաջ` 2011-ին 1:2 հաշվով պարտվել էր Վրաստանին:

Սակայն հավաքականի անգամ ամենահոռետես երկրպագուները չէին կարող պատկերացնել, որ Լյուքսեմբուրգին դժվար կլինի չհաղթել: Որոշ ֆուտբոլային մասնագետներ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 148-րդ տեղը զբաղեցնող Լյուքսեմբուրգին անվանում էին «համեստ թիմ», սակայն այն ցույց տվեց, որ «համեստ» կամ «ոչ համեստ թիմեր» չեն լինում, ամեն ինչ որոշվում է միայն խաղադաշտում:

Իսկ «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում արդեն 16-րդ րոպեին հետապնդողների դերում հենց հայ ֆուտբոլիստներն էին: Պատասխան գնդակը կարողացավ խփել Էդգար Մանուչարյանը: Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի ընտրանին ցույց չտվեց այն խաղը, որը սպասելի ու սիրելի է երկրպագուների համար: Նրանք շատ պահանջկոտ են, և որքան շուտ ոգևորվում են, նույնքան էլ արագ հիասթափվում են:

Վարդան Մինասյանը մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ ունի հետևություններ և շտկումներ անելու համար, որովհետև առջևում 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարն է: Մեր ընտրանին, եթե ցանկանում է պայքարել ուղեգրի համար, ինչն անգամ այս պայմաններում շատ դժվար է, պետք է կրկին ապացուցի, որ կարող է և ունակ ցույց տալու գեղեցիկ, մտածված ու արդյունավետ խաղ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---