ԿԸՀ-ն մերժել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը

ԿԸՀ-ն մերժել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում քննարկել է Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի 04.02.2013թ. դիմումը, որում դիմումատուն նշում է, թե Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավում, երկրորդ շաբաթից սկսած, օգտագործում է գովազդային հոլովակ, որտեղ ներառված է իր պատկերը: Դիմումատուն չի տվել համաձայնություն` այդ հոլովակում իր պատկերն օգտագործելու համար: Ըստ Անդրիաս Ղուկասյանի` հոլովակն իր բովանդակությամբ քաղաքացիների մոտ կարող է ստեղծել թյուր պատկերացում, թե Սերժ Սարգսյանն աջակցել է Մաշտոցի պուրակում 2012թ. ապրիլ ամսին քաղաքացիական անհամաձայնություն արտահայտած քաղաքացիներին: Նշված դիմումով ԿԸՀ-ից պահանջվում է միջոցներ ձեռնարկել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նկատմամբ` արգելելով վերջինիս իր քարոզչության մեջ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատկերի օգտագործումը և թյուր տեղեկատվության տարածումը:

Դիմումի քննության արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստեց, որ թեկնածուների կողմից ներկայացված տեղեկատվության հանրային ընկալման գնահատման, առավել ևս դրանով պայմանավորված սանկցիաներ կիրառելու իրավասություն կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պատճառաբանական հատվածում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության որևէ օրենք չի արգելում Հանրապետության Նախագահի թեկնածուներին իրենց քարոզչական հոլովակներում և նյութերում օգտագործել այլ անձանց պատկերող տեսարաններ: Ինչ վերաբերում է կոնկրետ դիմումով ներկայացված փաստական հանգամանքին, ապա, ուսումնասիրելով «Ազատ ու ինքնավստահ Հայաստան» անվանումը կրող քարոզչական բնույթի հոլովակը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ դիմումատուի նշած դրվագը վերաբերում է Հանրապետության Նախագահի թեկնածուի որոշակի գործունեության ներկայացմանը:

Վերոգրյալով պայմանավորված` հանձնաժողովը որոշեց մերժել Հանրապետության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը:

Արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (Այ Էֆ Ի Էս) hայաստանյան մասնաճյուղի ղեկավարին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---