7 փետրվարի 2013 - 12:41 AMT
Նոր կուսակցություն` ՀԱԿ-ի հիմքի վրա. Լևոն Տեր-Պետրոսյանի խոստովանությունը

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանում է, որ Հայ ազգային կոնգրեսը մահվան եզրին է, և իր բոլոր ջանքները ներդնում է փրկության ևս մեկ հնարավորություն ստեղծելու համար:

Լևոն Տեր Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում ասել է, որ Կոնգրեսի ներսում իսկապես խմորումներ կան: Որոշ ուժեր և անհատներ դե յուրե, իսկ ոմանք դե ֆակտո դուրս են եկել դաշինքից: Կոնգրեսի առաջնորդը, դա շատ բնական է համարում, որովհետև փոխվել են ոմանց մոտեցումներն ու ակնկալիքները, փոխվել է քաղաքական օրակարգը, փոխվել են իրենց առջև կանգնած խնդիրները, ինչը կազմակերպական նոր լուծումներ է պահանջում: Իսկ նոր լուծումը, ըստ ՀԱԿ առաջնորդի, նոր կուսակցության հիմնումն է:

«Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այնպիսի հանգրվանում, ինչպիսին էր Համաժողովրդական շարժումից Հայ Ազգային Կոնգրեսի անցման հանգրվանը: Ոչ Համաժողովրդական շարժումը, ոչ էլ Կոնգրեսը երբեք քարացած, դոգմատիկ կառույց չեն եղել և ինստիտուցիոնալ առումով միշտ էլ կարողացել են հարմարվել ժամանակի պահանջներին: Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Նոր կուսակցության հիմքում լինելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունր, ըստ Տեր-Պետրոսյանի, լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է` պետության չափավոր վերահսկողության շրջանակներում: «Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունր կայացնելու և մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկր դարձնելու գործում: Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվաթյամբ կկատարեմ իմ պարտականությունը»,- ասել է նա:

ՀԱԿ-ի հիման վրա նոր կուսակցություն հիմնելու գաղափարը քաղաքագետ Լևոն Շիրինյանը ողջունում է, այն կարող է լինել ազատական գաղափարներին դավանող կուսակցություն: Սա դրական է նաև բազմակուսակցական համակարգի զարգացման տեսանկյունից: «Այդ գործը դեռ պետք է գլուխ բերել: Դա քաղաքական ասպարեզից դուրս գալուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արված շատ առողջ քայլ կարող է լինել: Կարևորը` որ խոսքից գործի անցնեն»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի` նոր կուսակցության հիմնումը կլինի և Կոնգրեսի, և ՀՀՇ-ի վերջը: «ՀՀՇ-ն ժողովրդի մեջ խոցի և վիրավորանքի նման մնացել է: Կոնգրեսը կոնգլոմերատ է` տարբեր կուսակցությունների, քաղաքական անդամների միավորում, համախումբ: Այն չէր կարող ընտրություններից հետո մնալ, չէ՞ որ դրա գլխավոր խնդիրը նոր նախագահ ունենալն էր: Բացի այդ` չինովնիկական այդ համախումը ոչ միայն Հայաստանի անկախության հիմնադիրներն են, այլև ճգնաժամը կերտողները: Ջհանգիրյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին ընտրակեղծիքների նախահայրն է: Սրանք ինչու՞ պետք է մնային, և ժողովուրդը ինչու՞ պետք է մնար նրանց հետ, երբ գլխավոր հարցը չլուծեցին, որը սկզբում Ռուբերտ Քոչարյանին, հետո Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելն էր»,- նկատեց Լևոն Շիրինյանը: