7 փետրվարի 2013 - 13:38 AMT
Փետրվարի 8-ին «Վե՛րջ ռեժիմին» ակցիա տեղի կունենա ԿԸՀ մոտ

Մի խումբ ակտիվիստներ Facebook-ի միջոցով կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ փետրվարի 8-ին ԿԸՀ շենքի մոտ կազմակերպվող ակցիային: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանում հանրության առջև ծառացած տարաբնույթ խնդիրների սկզբնաղբյուրը կեղծ ընտրություններն են:

Տարիներ շարունակ Հայաստանում կեղծվում են ընտրությունները, ինչի արդյունքում քրեաօլիգարխիային հաջողվում է ժողովրդին պատկանող իշխանությունը պահել իր ձեռքում: Ընտրական գործընթացները կազմակերպվում և անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանցավոր թողտվության և ռեժիմի հանձնարարությունները կատարելու պայմաններում: Այդ պետական ինստիտուտը, կեղծիքներ կատարելով, պարալիզացրել է ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության հաստատման հնարավորությունը: Մյուս օղակը, որը հնարավորություն է տալիս այդ կեղծված ընտրությունների արդյունքները լեգիտիմացնել, միջազգային դիտորդական առաքելություններն են, որոնց տրված եզրակացությունները օգտագործվում են ամրապնդելու համար կեղծված ընտրությունների արդյունքները: Վերջին անգամ այս ամենի ականատեսը եղանք 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ ռեժիմը, ստանալով միջազգային դիտորդական առաքելությունների ոչ օբյեկտիվ եզրակացությունները, մարդկային զոհերի գնով կարողացավ վերարտադրվել:

Նախորդ ակցիաների ժամանակ մենք արդեն պահանջել ենք ԿԸՀ-ից ազատել ժողովրդին պատկանող պետական այդ ինստիտուտը կեղծարարներից, իսկ դիտորդական առաքելություններից՝ հեռանալ մեր երկրից և չսատարել կեղծարարներին:

Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին սույն թվականի փետրվարի 8-ին մասնակցել «Վե՛րջ ռեժիմին» ակցիային: Ակցիայի իմաստն է ցույց տալ ընտրությունների կեղծման գործում իրենց ներդրումն ունեցող երկու կառույցների՝ ԿԸՀ-ի և միջազգային դիտորդական առաքելությունների միջև կապը: Այդ նպատակով ժամը 12:45-ին ակցիայի մասնակիցները պետք է հավաքվեն ԿԸՀ դիմաց: Այստեղից շարժվելով դեպի ԵԱՀԿ գրասենյակ (Բաղրամյան 18, նախկին ԱՄՆ դեսպանատան շենք) ակցիայի մասնակիցները 10-15 մետր հեռավորությամբ շղթա կկազմեն՝ կանգնելով Իսահակյան, Մաշտոցի, Բաղրամյան փողոցներում: Ակցիայի նպատակն է մեր ձեռքերում եղած պաստառների միջոցով հանրությանը կոչ անել վերջ տալ հանցավոր ռեժիմին և բարձրաձայնել հանրության լայն շերտերին հուզող խնդիրների մասին (մասնակիցները կարող են բերել պաստառներ իրենց հուզող խնդիրների վերաբերյալ): Ժամը 14:00-ին ԿԸՀ-ի մոտից շղթայի առաջին մասնակիցը հաջորդաբար միանալով շղթայի մյուս մասնակիցների հետ ու այդպես համախմբվելով, շարժվելու են դեպի ԵԱՀԿ գրասենյակ: Այստեղից մասնակիցները նամակներ կառաքեն ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ պետությունների դեսպանատներին՝ փոխանցելու համար ակցիայի մասնակիցների պահանջը՝ հեռացնել իրենց դիտորդներին մեր երկրից և չսատարել կեղծարարներին»: