9 փետրվարի 2013 - 13:12 AMT
Արամ Հարությունյան. Հովհաննիսյանը, Բագրատյանն ու Հայրիկյանն էլ կհայտնվեն Բաղդասարյանի, Մանուկյանի ու Գեղամյանի դերերում

Փետրվարի 8-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց ԿԸՀ, և այսօր արդեն նախագահական ընտրություններում կմասնակցեն յոթ թեկնածուներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հարությունյանն ասաց, որ բոլոր այն թեկնածուներն, ովքեր չմիացան իրեն, միացան գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

«Արդեն 9 օր հետո ամեն ինչ հստակ երևալու է: Մեկն ինչ- որ բան կստանա, մեկն էլ իրեն կհռչակի ընդդիմություն: Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանն էլ կարճ ժամանակահատվածում կհայտնվեն Արթուր Բաղդասարյանի, Վազգեն Մանուկյանի ու Արտաշես Գեղամյանի դերերում»,- նշեց Հարությունյանը:

Նա նշեց, որ շարունակելու է ակտիվ պայքարը և հասնել նրան, որ երկրում կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«1996-ի ընտրություններից հետո ոչ ոք չէր սպասում, որ Լևոն Տեր- Պետրոսյանը հրաժարական կտա: Հիմա իշխանության ներսում ամեն ինչ հարթ չի, նրանք իրար ավելի շատ չեն սիրում, քան ընդդիմությանը: Սակայն իշխանափոխություն պետք է լինի ոչ թե վերևից, այլ ներքևից»,- ավելացրեց նա: