6 սեպտեմբերի 2005 - 10:01 AMT
Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎ. ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ շատ են եղել («ընդհանուր պետություն», «փուլային լուծում», «փաթեթային» եւ այլն), սակայն իրականում բանը դրանում չէ: Չի կարելի վերաբերվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը որպես մաթեմատիկական խնդրի լուծմանը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների ուսումնասիրման եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով, խոսքը գնում է երկու, հենց երկու, ոչ թե մեկ ժողովրդի մասին: Եվ լուծումը այնպիսին պետք է լինի, որը եթե չբավարարի, ապա գոնե զանգվածային բացասական արձագանք չի ստանա կողմերից եւ ոչ մեկի մոտ: «Ինչու՞ է ներկայիս փուլը դատապարտված տապալման: Նրա հիմքում հանրաքվե անցկացնելու առաջարկն է: Թեկուզ եւ որոշ ժամանակ անց: Ձեւականորեն, դա բավականին ժողովրդավարական առաջարկ է: Սակայն մեր հասարակություրնները ժողովրդավարական չեն եւ դա պետք է հստակ հասկանալ: Օրինակ, Ադրբեջանում իշխանությունները սկզբում փորձեցին թաքցնել հանրաքվեի փաստը: Երբ դա չհաջողվեց, նրանք փորձեցին ձեւացնել, թե այստեղ ոչ մի կարեւոր բան չկա եւ հայտնի էլ չէ, թե ինչ կլինի մեր տարածաշրջանում 10-15 տարի անց: Իսկ հետո, տեսնելով բացասական արձագանքը հանրաքվեի փաստի հանդեպ, մեր արտգործնախարարը հայտարարեց, թե ոչ մի հանրաքվե չի լինի եւ դա որոշ ուժերի սադրանք է: Այսինքն լրջագույն մի հարց թաքցնում են ժողովրդից»,-նշել է ադրբեջանցի փորձագետը: Մյուս կողմից, ավելացրել է Յունուսովը, ղարաբաղյան հակամարտությունը սերտորեն կապված է երկու ժողովրդների մտածելակերպի հետ: Ցավոք, դա միշտ չէ, որ հասկանում են: «Հայաստանում հաճախ են հրապարակվում նյութեր, որտեղ գրում են, թե իրավիճակը Ադրբեջանում սրում են իշխանությունները, իսկ ժողովուրդը «չի ցանականում կռվել իրեն օտար Ղարաբաղի համար»: Դա շատ սխալ կարծիք է: Որպեսզի ադրբեջանցիները մոռանան Ղարաբաղը, պետք է արմատապես փոխել ադրբեջանցիների մտածելակերպը, լուրջ փոփոխություններ մտցնել նրա գրականության, բանահյուսության եւ մշակույթի մեջ: Ադրբեջանցի բանաստեղծները, գրողները, երաժշտության եւ մշակույթի գործիչները ղարաբաղցիներ են իրենց ծագումով: Եվ երեխաները դեռեւս ԽՍՀՄ ժամանակ կարդում էին Վագիֆի եւ Նաթավանի բանաստեղծությունները, երգում էին Հաջիբեկովի երգերը, լսում էին Բյուլ-բյուլի եւ Մուսլիմ Մագոմաեւի երգերը: Եվ այլն, ավելացրել է քաղաքագետը: Ըստ նրա, «իշխանությունները այժմ շատ են գրում Հայաստանում կորցրած հողերի մասին, սակայն դա լուրջ արձագանք չի գտնում ադրբեջանցիների հոգում, քանի որ ադրբեջանցիների մտածելակերպում ժամանակակից Հայաստանի հետ լուրջ կապեր չկան»: «Իսկ Ղարաբաղի հետ կան: Եվ մոռանալ Ղարաբաղը ադրբեջանցիների մի քանի սերնդի համար անլուրջ է: Նույնը կարելի է ասել հայերի մտածելակերպի վերաբերյալ Ղարաբաղի հարցում: Այդ պատճառով հակամարտության կարգավորումը ավանդական չպետք է լինի: Այժմ նման որոշում ես չեմ տեսնում: Սակայն կարծում եմ, որ երկու հանրապետությունների ժողովրդավարացմանը զուգահեռ, ընդ որում իրական, ոչ թե դեկլարատիվ, նման որոշում կգտնվի: Առաջին հերթին, իշխանության տեղական մարմինների (մունիցիպալիտետների) եւ համայնքների ինստիտուտի ամրապնդման միջոցով: Թող ժողովրդները եւ բնակչությունը տեղերում իրենք որոշեն իրենց ճակատագիրը: Պետք է պետությունից վերցնել ինչքան հնարավոր է շատ ֆունկցիաներ, որպեսզի նա չլինի ժողովրդների ճակատագիրը որոշողը: Այլ կերպ ասած, հարկավոր է որքան կարելի է շուտ ձերբազատվել խորհրդային եւ արեւելյան քաղաքական համակարգերից եւ անցնել արեւմտյան քաղաքական համակարգին: Եվ այն ժամանակ սահմանները կդադարեն այդքան մեծ դեր խաղալ»,-եզրակացրել է Արիֆ Յունուսովը: