9 փետրվարի 2013 - 13:44 AMT
Անկախ ֆիլմերի համահայկական փառատոնին մասնակցելու են մոտ 30 երկրներ

Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը լրագրորղների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ յուրաքանչյուր տարի Հայաստանում կայանում է անկախ ֆիլմերի համահայկական փառատոն: Այս տարի այն նախատեսվում է անցկացնել մայիսի 25-29-ը, դեռևս չի ընտրվել միայն փառատոնի անցկացման վայրը, որին հավակնում են Ծաղկաձորն ու Աղվերանը: Փառատոնին մասնակցության հրավեր է ուղարկվելու մոտ 30 երկրների:

«Կազմակերպվելու են կլոր սեղաններ ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ: Ոչ կոմերցիոն ֆիլմերի ասելիքը շատ սուր է, քանի որ առաջնային է ոչ թե գումարը, այլ գաղափարը: Հայաստանում նման ֆիլմերն աստիճանաբար շատանում են»,- ասաց Հովհաննիսյանը:

Հայկական ֆիլմերը ևս պարբերաբար մասնակցում են միջազգային փառատոնների, օրինակ, փետրվարի 21-24-ը Լեհաստանում Արշակ Զաքարյանի «Կինը. ֆիլմ- ուղերձ մեր թշնամիներին» ֆիլմը մասնակցելու նմանատիպ փառատոնի: Նախնական փուլում ներկայացված են եղել 451 ֆիլմ, որոնցից ընտրվել են մոտավորապես 110-ը, և դրանց թվում երկու հայկական ֆիլմեր են: Մեկը Զաքարյանի 12 րոպեանոց ֆիլմն է, մյուսը ֆրանսիահայ Լյուսկա Խալափյանի աշխատանքը:

Արտաշես Հովհաննիսյանը UNICA-ի (ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի միջազգային միություն ) կոմիտեում է և տարբեր միջազգային փառատոններում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ: Նրա խոսքով, դա հիանալի հնարավորություն է ընձեռնում ներկայացնել հայկական ֆիլմերը: